Հոդված 19. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմումը
Հոդված 19. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմումը
1. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո` տասնօրյա ժամկետում, Արդարադատության խորհուրդը կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը։
2. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկվում են առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված բոլոր անձինք։
Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկվում են առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված բոլոր անձինք։
3. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո` հնգօրյա ժամկետում, առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում աշխատող անձինք վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի (այսուհետ` ցուցակ) վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկվելու համար կարող են դիմում ներկայացնել Արդարադատության խորհրդին։
4. Դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Արդարադատության խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Այդ նպատակով կազմվում են քվեաթերթիկներ` ընդգրկելով դիմում ներկայացրած բոլոր թեկնածուներին։ Յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում։
5. Արդարադատության խորհրդի անդամն ունի 9 ձայնի իրավունք։ Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ։ Եթե քվեարկության մասնակիցը ավելի ձայն է տվել, քան սահմանված է սույն մասով, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր։ Քվեարկության արդյունքներով ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկելու համար Հանրապետության Նախագահին են առաջարկվում առավել «կողմ» ձայներ ստացած 9 դատավորներ։ Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած դատավորներին։ Լրացուցիչ քվեարկության ժամանակ Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին։