Հոդված 26. Ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումը
Հոդված 26. Ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումը
1. Վարձու աշխատողների ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումն իրականացնում է գործատուն: Ապահովագրական նպաստը վճարվում է դրա նշանակումից հետո՝ առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Սոցիալական վճարներ կատարելուց օրենքով սահմանված կարգով ազատված գործատուների կողմից վարձու աշխատողներին ապահովագրական նպաստները վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը իր տարածքային բաժինների միջոցով (այսուհետ` տարածքային բաժին):
Տարածքային բաժինը ապահովագրական նպաստը վճարում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
3. Ժամանակավոր անաշխատունակության բոլոր դեպքերի համար գործատուն վարձու աշխատողներին ապահովագրական նպաստը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների հաշվին:
Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն, ապա գործատուն ապահովագրական նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը գործատուի կողմից սոցիալական վճարների վերաբերյալ ամսական հաշվետվության հետ մեկտեղ հարկային մարմին ներկայացված համապատասխան տեղեկանքի հիման վրա՝ հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Գործատուի` վարձու աշխատողների ապահովագրական նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին ապահովագրական նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման դեպքում` տարածքային բաժինը:
5. Ապահովագրական նպաստ չի տրվում`
1) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացված վնասվածքների հետևանքով.
2) եթե աշխատողը աշխատանքից չի ազատվել և կալանքի տակ է.
3) բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:
6. Ապահովագրական նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակաշրջանի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից սկսած վեցամսյա ժամկետում:
Ապահովագրական նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(26-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-43-Ն)