Հոդված 22. Ապահովագրական նպաստները հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը (եկամուտը)
Հոդված 22. Ապահովագրական նպաստները հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը (եկամուտը)
1. Ապահովագրական նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ հանդիսացող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից:
Ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին վարձու աշխատողի համար հաշվարկված վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը, պարգևատրումները և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները միջին ամսական աշխատավարձում (եկամտում) հաշվառվում են գումարի մեկ տասներկուերորդի չափով:
Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 օրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (օրերի) համար հաշվարկված եկամտից:
Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա վարձու աշխատողի ապահովագրական նպաստը հաշվարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:
3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա համար տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ներկայացված` տվյալ անձի համար օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտից, բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի:
Եթե ապահովագրական դեպքին նախորդող տարում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը սույն հոդվածի երրորդ մասի առաջին պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ) հիմք է ընդունվում «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը:
4. Ապահովագրական նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (եկամտի) հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(22-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն, խմբ., լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-43-Ն)