Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրումը, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների, իրականացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով: Հարկ վճարողի հաշվառման համարը նրա նույնականացման կոդն է:
Պետական գրանցում ստացող կազմակերպություններին և հաշվառվող անհատ ձեռնարկատերերին հարկ վճարողների հաշվառման համարներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը գրանցող (հաշվառող) մարմնին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրում է իր ավտոմատացված կառավարման համակարգում տվյալների բազայից առցանց ռեժիմով օգտվելու թույլտվություն:
Օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերն ստանալուց և ավտոմատացված տվյալների բազա մուտքագրելուց հետո համակարգչային ծրագրի միջոցով հարկ վճարողին անմիջապես տրամադրվում է հաշվառման համար:
Պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման մասին տեղեկությունները պետական գրանցման (հաշվառման) օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրվում են հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների պետական գրանցման մասին տեղեկությունները պետական գրանցման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով:».
2) 7-րդ մասի «պետական գրանցում ստանալու և հարկային մարմնում հաշվառման կանգնելու» բառերը փոխարինել «հաշվառվելու» բառով.
3) 9-րդ մասը «կնիքի» բառից հետո լրացնել «(դրա առկայության դեպքում)» բառերով: