Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին կետը «հիմնադիրների» բառից հետո լրացնել «(մասնակիցների)» բառով.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը հիմնադիրները (մասնակիցները) պետք է ընդունեն միաձայն: Ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի`
ա) ընկերության անվանումը.
բ) ընկերության գտնվելու վայրը.
գ) ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը.
դ) տեղեկություններ ընկերության մասնակիցների մասին, որոնք ներառում են` ֆիզիկական անձանց համար` քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը կամ հաշվառման հասցեն, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), իրավաբանական անձանց համար` պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը, համայնքի համար` համայնքի լրիվ անվանումը, պետության համար` պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը:
Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել օրենքին չհակասող այլ դրույթներ, այդ թվում`
ա) ընկերության կառավարման մարմինների կազմն ու լիազորությունները, այդ թվում` ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի (այսուհետ` ընդհանուր ժողով) բացառիկ լիազորությունը հանդիսացող հարցերը.
բ) ընկերության կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման կարգը, այդ թվում` այն հարցերը, որոնց վերաբերյալ որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.
գ) ընկերության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները.
դ) ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու կարգը.
ե) ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասն այլ անձին փոխանցելու կարգը:».
3) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: