Հոդված 5. Դատախազության կազմակերպման և գործունեության սկզբունքները
Հոդված 5. Դատախազության կազմակերպման և գործունեության սկզբունքները
Դատախազությունը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:
Դատախազական գործունեությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով կարգավորվող պետական գործունեության ինքնուրույն տեսակ է:
Դատախազության գործունեությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության սկզբունքի վրա:
Գլխավոր դատախազը և նրա տեղակալները վերադաս են մարզի դատախազի, Երևան քաղաքի դատախազի, համայնքի դատախազի, կայազորի զինվորական դատախազի համար:
Դատախազության յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը ղեկավարում է այն գլխավորող դատախազը:
Դատախազության մարմինները`
1) իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են և ղեկավարվում են միայն օրենքով.
2) գործում են հրապարակայնորեն այնքանով, որքանով դա չի հակասում մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի, ինչպես նաև պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությանը:
Գլխավոր դատախազը Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով է ներկայացնում ամենամյա հաղորդում դատախազության գործունեության մասին:
Դատախազության մարմիններում չի թույլատրվում կուսակցությունների գործունեություն:
Դատախազության մարմինների աշխատակիցները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: