Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 31-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Ոստիկանության ծառայողներն» բառերից առաջ լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Հատուկ միջոցները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է:».
2) 1-ին մասի 2-րդ կետի «անհնազանդությունը հաղթահարելիս կամ դիմադրությունը խափանելիս» բառերը փոխարինել «դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում» բառերով.
3) 1-ին մասի 5-րդ կետի «իրավախախտում թույլ տալու համար բռնված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց ոստիկանություն կամ ծառայողական այլ շինություն բերման ենթարկելիս» բառերը փոխարինել «իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս» բառերով, «անհնազանդություն ցուցաբերել կամ» բառերը հանել, իսկ նույն կետը «ծառայողին» բառից հետո լրացնել «կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին» բառերով.
4) 2-րդ մասի «բ» կետը «արցունքաբեր» բառից հետո լրացնել «, գրգռիչ» բառով, իսկ «գազ» բառից հետո` «, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ» բառերով.
5) 2-րդ մասի «դ», «ե» և «է» կետերը «4-րդ» թվից հետո լրացնել «, 6-րդ» թվով.
6) 2-րդ մասի «զ» կետի «տրանսպորտի հարկադիր կանգնեցման միջոցներ» բառերը փոխարինել «մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ» բառերով.
7) 2-րդ մասի «թ» կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում` ջրանետի միջոցով» բառերով.
8) 2-րդ մասի «ժ» կետը «շներ» բառից հետո լրացնել «(պահնորդական, հետախուզական, պարեկային)» բառերով.
9) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպես նաև խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները դադարեցնելու ժամանակ, եթե դրանք չեն խախտում տրանսպորտի, կապի և կազմակերպությունների աշխատանքը, իսկ մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:».
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերով.
«Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Արգելվում է ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` ոստիկանության ներկայացրած հատուկ միջոցների տեխնիկական կանոնակարգերի հիման վրա:
Հատուկ միջոցները գործադրելու և դրանք ոստիկանության ծառայողներին հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգերը սահմանում է ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը:»: