Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Նպաստները և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

1. Նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):

Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված նպաստը:

Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:

Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:

Սույն մասի չորրորդ պարբերությամբ սահմանված` այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի, տասներկուսի բաժանելու միջոցով:

4. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

5. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

6. Նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից, եթե`

1) սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից.

2) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը պետական գրանցում է ստացել տվյալ տարվա ընթացքում կամ ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել, սակայն կատարել է ամսական նվազագույն սոցիալական վճարներ.

3) վարձու աշխատողը չունի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված եկամուտ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։