Հոդված 16
Հոդված 16.
Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցումը և ուժը կորցրած ճանաչելը
1. Օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպության և (կամ) վերջինիս ղեկավարի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`
ա) նախազգուշացում` խախտումները վերացնելու հանձնարարականով.
բ) տուգանք.
գ) որակավորման վկայականից զրկում.
դ) լիցենզիայի գործողության կասեցում.
ե) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող են կիրառվել միաժամանակ` օրենքների և այլ իրավական ակտերի յուրաքանչյուր պահանջի խախտման համար:
3. Խախտումը վերացնելու հանձնարարականը պարտադիր է վճարահաշվարկային կազմակերպության համար և կարող է նախատեսել խախտումը վերացնելու որոշակի ժամկետ:
4. Վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ նշանակվող տուգանքի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, իսկ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
5. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
6. Վճարահաշվարկային կազմակերպությունների և դրանց ղեկավարների նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կասեցնել վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողությունը կամ ուժը կորցրած ճանաչել վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան նաև վճարահաշվարկային կազմակերպության համապատասխան դիմումի հիման վրա: Վճարահաշվարկային կազմակերպության դիմումը կարող է մերժվել, եթե լիցենզիայի գործողության կասեցումը կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը կհանգեցնի ֆինանսական համակարգի ապակայունացմանը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
8. Կենտրոնական բանկի խորհուրդն ուժը կորցրած է ճանաչում վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան նաև վճարահաշվարկային կազմակերպության լուծարման դեպքում:»: