Հոդված 4
Հոդված 4.
Օրենքը լրացնել 2.1-ին հավելվածով.
«Հավելված 2.1
«Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման
և անցկացման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1.1. Uույն կարգով սահմանվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտմանը և (կամ) Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողությանն ուղղված հսկիչ գնումների իրականացման կարգը:
1.2. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունը:
1.3. Հսկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիսանում`
ա) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ,
բ) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները:
1.4. Հսկիչ գնումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և Հանձնաժողովի` հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված Հանձնաժողովի կնիքով: Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հրամանում նշվում են նաև այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):
1.5. Հսկիչ գնումից հետո հրամանը ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
1.6. Հսկիչ գնման արդյունքում կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` երկու օրինակից: Արձանագրության մեջ նշվում են հրամանի համարը, ամսաթիվը, արձանագրության կազմման վայրը, հսկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հսկիչ գնումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնումն այլ անձի միջոցով կատարելու դեպքում նաև այդ անձի տվյալները, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձինք և տնտեսվարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր:
2. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեով Հանձնաժողովի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հանձնաժողովը:»: