Հոդված 102. Կուսակցության ընտրական ցուցակի և դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելը կամ անվավեր ճանաչելը
Հոդված 102. Կուսակցության ընտրական ցուցակի և դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելը կամ անվավեր ճանաչելը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, եթե`
1) սույն օրենսգրքով սահմանված կարգով ստուգման արդյունքում կուսակցության ցուցակի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում վավեր ստորագրությունների թիվը պակաս է 30 հազարից.
2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակում ներառված քաղաքացու գրանցումը, եթե`
1) նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերը կեղծված են:
Կուսակցության ընտրական ցուցակում գտնվող անձի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
3. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`
1) կուսակցության ընտրական ցուցակի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
5. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համարվում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`
1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
Նման դեպքում թեկնածուն հանվում է ցուցակից:
6. Կուսակցության ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում ընտրական գրավը, ինչպես նաև նախընտրական հիմնադրամում եղած միջոցները, փոխանցվում են պետական բյուջե:
7. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում գտնվող անձի գրանցումն անվավեր է ճանաչվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
8. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, այն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան:
9. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա կուսակցության ցուցակը կամ դրանում ներառված քաղաքացին ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:
(102-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286)