Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-04-28-ից մինչև 2002-08-03։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 7. Ընտրությունների հրապարակայնությունը

գործել է մինչև 2002-08-03Բացել ARLIS-ում

Հոդված 7. Ընտրությունների հրապարակայնությունը

1. Ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն:

2. Ընտրական հանձնաժողովների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող որոշումները պաշտոնական մամուլում հրապարակվում են որոշումն ընդունվելուց հետո` 3 օրվա ընթացքում:

3. Ընտրական հանձնաժողովի նախագահը, ընտրական հանձնաժողովների նիստերի և քվեարկության ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված կարգով, ապահովում է վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությունն ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, նրանց համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ և հավասար պայմաններ:

4. Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրություններից 3 օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը:

5. Քաղաքացիները, սույն օրենսգրքով սահմանված կարգով, տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի, ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների կազմավորման, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետի, թեկնածուների առաջադրման, գրանցման, քվեարկության օրվա և ընտրությունների արդյունքների մասին:

6. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են երեքժամյա պարբերականությամբ մարզային ընտրական հանձնաժողով տվյալներ հաղորդել քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին: Մարզային ընտրական հանձնաժողովները նշված տվյալներն ամփոփում, հրապարակում և կենտրոնական ընտրական հանձնաժողով են հաղորդում երեքժամյա պարբերականությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են համարվում Հանրապետության Նախագահի ընտրությունը, Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները), ժամը 11.00-ից պարբերաբար հրապարակում է տվյալներ` ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին: Վերջին տվյալները հրապարակվում են ժամը 23.00-ից ոչ ուշ: Ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին վերջնական տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակում է հաջորդ օրը` ժամը 12.00-ին:

7. Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում, տեղամասային կենտրոնում իրավունք ունեն ներկա գտնվել թեկնածուների վստահված անձինք, հավատարմագրված դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

8. Քվեարկությունն ավարտվելուց անմիջապես հետո` ժամը 20-ից մինչև ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովից տրվում են ուղիղ ռադիոհաղորդումներ և հեռուստահաղորդումներ` երեքժամյա պարբերականությամբ:

(7-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։