Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 3-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Բոլոր ստուգումները, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ստուգաթերթերը մշակվում են յուրաքանչյուր համապատասխան ոլորտի և գործունեության տեսակի համար` հիմնվելով ստուգում իրականացնող յուրաքանչյուր մարմնի հսկողության ոլորտի և աշխատանքի առանձնահատկությունների վրա:
Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը, կենդանիներին, շրջակա միջավայրին, քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ պետության գույքային իրավունքներին:
Ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:
Ստուգաթերթերի հարցերը չեն կարող անմիջականորեն հղում պարունակել նորմատիվ իրավական ակտերին: Հարցի ձևակերպման համար հիմք հանդիսացող իրավական նորմերը նշվում են առանձին սյունակով` յուրաքանչյուր հարցի դիմաց:
Ստուգաթերթերը պարտադիր կարգով տեղադրվում են ստուգում իրականացնող համապատասխան մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերում:».
2) 2-րդ մասի`
ա. առաջին պարբերության «ստուգման հարցերը» բառերը փոխարինել «ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ ստուգման ընթացքում (հարկային և մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության դեպքերում ստուգման հարցերը)» բառերով,
բ. առաջին պարբերությունը «ստուգման իրավական հիմքերը» բառերից հետո լրացնել «, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում` նաև ստուգումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, իսկ նույն մասով նախատեսված դիմում կամ տեղեկատվություն ստանալու դեպքերում` նաև դրանք տրամադրողի տվյալները:»,
գ. երկրորդ պարբերությունը «ակցիզային դրոշմանիշների» բառերից հետո լրացնել «, հսկիչ նշանների (դրոշմապիտակների)» բառերով.
3) 3-րդ մասը «ակցիզային դրոշմանիշների» բառերից հետո լրացնել «, հսկիչ նշանների (դրոշմապիտակների)» բառերով.
4) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Ստուգում իրականացնող անձինք, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող անձինք, պետք է պատասխանեն բացառապես տվյալ գործունեության համար նախատեսված ստուգաթերթում ընդգրկված հարցերին և ստուգեն դրանք կարգավորող նորմերի կատարման պահանջները:»: