Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Հիմնադրամի միջոցների վարչական կառավարումը

1. Հիմնադրամի միջոցների վարչական կառավարումն իրականացնելու շրջանակներում Բանկը կատարում է հետևյալ գործառույթները.

ա) պատրաստում և Հիմնադրամի փորձագիտական խորհրդի քննարկմանն է ներկայացնում բանկերին վերաբերող հիմնավորված առաջարկություններ Հիմնադրամի հաշիվների բացման համար,

բ) կատարում է Հիմնադրամի մասնակիցների ցուցակագրումը և Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ձայների քանակի հաշվառումը,

գ) պատրաստում և Հիմնադրամի փորձագիտական խորհրդի քննարկմանն է ներկայացնում Հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսավորվող գործունեության տարեկան ծրագրերի նախագծերը և Հիմնադրամի միջոցների կառավարչի` Հիմնադրամի միջոցների կառավարման հետ կապված վարչական ծախսերի նախահաշիվները, ինչպես նաև դրանց կատարման մասին հաշվետվությունները,

դ) ամեն տարի պատրաստում և Հիմնադրամի փորձագիտական խորհրդի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի գործառնությունների վերաբերյալ տարեկան ֆինանսական հաշվետվությունը,

ե) Հիմնադրամի խորհրդին տեղեկացնում է Հիմնադրամի հիմնադիր պետությունների և Հիմնադրամի մասնակիցների` Հիմնադրամին կատարվող վճարումների հետ կապված պարտավորությունների կատարման մասին,

զ) պատրաստում և Հիմնադրամի փորձագիտական խորհրդի քննարկմանն է ներկայացնում Հիմնադրամի միջոցներից կայունացման վարկերի և անկախ փոխառությունների տրամադրման կարգի, միջպետական ներդրումային նախագծերի ֆինանսավորման համար Հիմնադրամի միջոցների տրամադրման կարգի, Հիմնադրամի ժամանակավորապես չօգտագործվող միջոցների տեղաբաշխման (ներդրման) կարգի (Ներդրումային հայտարարագիր) նախագծերը,

է) իրականացնում է Հիմնադրամի ռեսուրսների ներուժի գնահատումը և, ըստ անհրաժեշտության, վճարումները կատարելու համար Հիմնադրամի խորհրդի առաջ բարձրացնում է պարտամուրհակների վճարման պահանջ ներկայացնելու հարցը,

ը) քննարկում է Հիմնադրամի միջոցներից ֆինանսավորում տրամադրելու մասին հայտերը, կատարում է նշված հայտերի գնահատումը` որոշելու համար դրանց համապատասխանությունը Հիմնադրամի շրջանակներում իրականացվող գործունեության նպատակներին, ֆինանսավորման տրամադրման ուղղություններին, Հիմնադրամի միջոցների տրամադրման կարգին և պայմաններին, որոնք սահմանված են Հիմնադրամի օտեղծման մասին պայմանագրով, Հիմնադրամի մասին կանոնադրությամբ և Հիմնադրամի խորհրդի որոշումներով, ֆինանսավորման առաջնայնությանը և արդյունավետությանը, առաջարկությունների պատրաստվածության աստիճանին և այլ հարցերին, պատրաստում է համապատասխան եզրակացություններ և ներկայացնում է դրանք Հիմնադրամի փորձագիտական խորհրդին` դրանք քննարկելու և Հիմնադրամի խորհրդին ուղղված հանձնարարականներ նախապատրաստելու համար,

թ) մշակում է Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերի նախագծերը, ապահովում է այդ Համաձայնագրերի պայմանների համապատասխանությունը Հիմնադրամի մասին կանոնադրությամբ սահմանված պահանջներին և ֆինանսավորում տրամադրելու մասին Հիմնադրամի խորհրդի որոշումներին, անհրաժեշտության դեպքում մշակում է նշված Համաձայնագրերում փոփոխություններ կատարելու նախագծեր,

ժ) կատարում է Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերով Հիմնադրամի միջոցներն ստացողների պարտքի հաշվառում, ստացողներին տեղեկացնում է պարտքի չափի և վճարման ենթակա գումարների մասին, իրականացնում է պարտքի սպասարկման և մարման պարտավորությունների կատարման մոնիտորինգ, անհրաժեշտության դեպքում միջոցներ է ձեռնարկում ժամկետանց պարտքը և նշված համաձայնագրերով վճարման ենթակա այլ գումարները բռնագանձելու ուղղությամբ,

ժա) ապահովում է Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերի հետ կապված պարտավորությունների կատարման մշտական մոնիտորինգ, ներառյալ նախագծերի, այլ գործառնությունների իրականացման մոնիտորինգը, Հիմնադրամի միջոցների տրամադրման պայմանների կատարման մոնիտորինգը, ապահովում է այդ տեղեկատվության մշտական հասանելիությունը Հիմնադրամի մասնակիցների համար, Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերին ուղեկցող այլ անհրաժեշտ վարչական նյութեր է տրամադրում,

ժբ) կազմակերպում է Հիմնադրամի միջոցների հաշվին իրականացվող նախագծերի և գործառնությունների արդյունավետության գնահատում և այդ գնահատման արդյունքները ներկայացնում է Հիմնադրամի փորձագիտական խորհրդին,

ժգ) Հիմնադրամի խորհրդին ուղղված անհրաժեշտ հանձնարարականներ ընդունելու համար Հիմնադրամի փորձագիտական խորհրդին ներկայացնում է տեղեկատվություն Հիմնադրամի միջոցներն ստացողների կողմից Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերի պայմանների խախտումների մասին, որոնք այդ համաձայնագրերի պայմաններին համապատասխան կարող են հանգեցնել ֆինանսավորման կասեցման և դադարեցման,

ժդ) անհրաժեշտության դեպքում մշակում և Հիմնադրամի փորձագիտական խորհրդի քննարկմանն է ներկայացնում Հիմնադրամի միջոցներում Հիմնադրամի մասնակիցների մասնաբաժինների որոշման կարգը, ինչպես նաև մասնաբաժինների վճարման կարգի և պայմանների մասին համաձայնագրերի նախագծերը,

ժե) անհրաժեշտության դեպքում մշակում և Հիմնադրամի փորձագիտական խորհրդի քննարկմանն է ներկայացնում Հիմնադրամի գործառնությունների դադարեցման ընթացակարգերը,

ժզ) անհրաժեշտության դեպքում պատրաստում և Հիմնադրամի փորձագիտական խորհրդի քննարկմանն է ներկայացնում Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրում, Հիմնադրամի մասին կանոնադրությունում, սույն Համաձայնագրում և Հիմնադրամի այլ փաստաթղթերում փոփոխությունների նախագծերը,

ժէ) փոխգործակցում է Հիմնադրամի մասնակիցների, Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչների, Հիմնադրամի փորձագիտական խորհրդի անդամների, Հիմնադրամի միջոցներն ստացողների հետ, ներառյալ Հիմնադրամի միջոցներն ստացող պետությունների կառավարությունները, տեղական իշխանության մարմինները և ստացող պետությունների տեղական ինքնավարության մարմինները, ինչպես նաև այլ պետական և մասնավոր կազմակերպությունները, և այդ փոխգործակցության մասին զեկուցում է Հիմնադրամի փորձագիտական խորհրդին,

ժը) իր հրապարակումներում (տարեկան հաշվետվություն, տեղեկատվական տեղեկագրեր և այլն) բավարար տեղեկատվություն է ներկայացնում Հիմնադրամի և Հիմնադրամի մասնակիցների մասին, ինչպես նաև ստացող պետությունների և զանգվածային լրատվամիջոցների հետ փոխգործակցության ընթացքի մասին,

ժթ) համագործակցում է Հիմնադրամի փորձագիտական խորհրդի հետ, այդ թվում` նրա փորձաքննությանն է ներկայացնում Բանկի կողմից Հիմնադրամի խորհրդի քննարկմանը ներկայացվող բոլոր հարցերը, փաստաթղթերը և նյութերը, ըստ Հիմնադրամի փորձագիտական խորհրդի դիտողությունների` իրականացնում է դրանց լրամշակումը, Հիմնադրամի փորձագիտական խորհրդի հայցով ներկայացնում է անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն և պարզաբանումներ նշված հարցերի, փաստաթղթերի և նյութերի վերաբերյալ,

ի) կատարում է այլ գործառույթներ, որոնք կարող են պահանջվել Հիմնադրամի միջոցների արդյունավետ վարչական կառավարման համար:

2. Բանկն իրավունք ունի ընդունելու Հիմնադրամի փաստաթղթերին համապատասխանող այնպիսի ներքին նորմատիվ փաստաթղթեր, կանոններ և ընթացակարգեր, որոնք կհամարի անհրաժեշտ և նպատակահարմար Հիմնադրամի միջոցների արդյունավետ վարչական կառավարման և տնօրինման համար:

3. Բանկի ներկայացուցիչները ներկա են լինում Հիմնադրամի խորհրդի նիստերին:

4. Անհրաժեշտության դեպքում Բանկը` որպես Հիմնադրամի միջոցների կառավարիչ, Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված կարգով Հիմնադրամի խորհրդի արտահերթ նիստեր անցկացնելու և Հիմնադրամի խորհրդի նիստերի օրակարգում լրացուցիչ հարցեր ներառելու վերաբերյալ առաջարկություններ է ուղարկում Հիմնադրամի խորհրդի նախագահին:

5. Բանկը Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթներն իրականացնելու համար ներգրավում է իր անձնակազմը, երրորդ անձանց` փորձագետների (խորհրդատուների), որոնք ունեն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ, և այլ անհրաժեշտ ռեսուրսներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։