Հոդված 2
Հոդված 2
Հիմնադրամի միջոցների տնօրինումը
1. Բանկին իրավունք է ընձեռվում տնօրինելու Հիմնադրամի բոլոր միջոցները, ներառյալ Հիմնադրամի մասնակիցների կողմից իրենց կենտրոնական (ազգային) բանկերի հաշիվներին փոխանցված դրամական միջոցները` որպես Հիմնադրամին կատարվող դրամական վճարումներ:
Հիմնադրամի մասնակիցների կողմից իրենց կենտրոնական (ազգային) բանկերի հաշիվներին որպես Հիմնադրամին կատարվող դրամական վճարումներ փոխանցված դրամական միջոցների տնօրինման Բանկի իրավունքը նախատեսվում է Հիմնադրամի մասնակիցների կողմից կենտրոնական (ազգային) բանկերի հետ կնքվող բանկային հաշվի համապատասխան պայմանագրերում:
2. Հիմնադրամի միջոցները պատկանում են Հիմնադրամի մասնակիցներին: Հիմնադրամի միջոցների տնօրինման իրավունքը Բանկին ընձեռելուց չի հետևում, որ դրանց նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է Բանկին:
3. Հիմնադրամի միջոցների տնօրինման շրջանակներում Բանկը Հիմնադրամի մասնակիցների անունից և նրանց հանձնարարությամբ իրականացնում է հետևյալ իրավաբանական գործողությունները.
ա) ԱՄՆ դոլարով և եվրոյով հաշիվներ է բացում և վարում` բանկերում Հիմնադրամի խորհրդի կողմից հաստատված Հիմնադրամի միջոցներով գործառնություններ իրականացնելու համար (այսուհետ` Հիմնադրամի հաշիվներ), գործառնություններ է իրականացնում նշված հաշիվներով, ինչպես նաև սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում հիշատակված կենտրոնական (ազգային) բանկերում Հիմնադրամի մասնակիցների հաշիվներով` Հիմնադրամի փաստաթղթերին և սույն Համաձայնագրի պայմաններին համապատասխան:
բ) Հիմնադրամի հաշիվներին է հաշվեգրում Հիմնադրամ մտնող բոլոր դրամական միջոցները, ներառյալ`
- վճարումները` բացառությամբ իրենց կենտրոնական (ազգային) բանկերի հաշիվներին Հիմնադրամի մասնակիցների կողմից փոխանցված` Հիմնադրամին կատարվող դրամական վճարումների,
- Հիմնադրամի ժամանակավորապես չօգտագործվող միջոցների տեղաբաշխումից (ներդրումից) ստացված մուտքերը,
- վերադարձելիության հիմունքով Հիմնադրամի միջոցների տրամադրումից ստացված մուտքերը, ներառյալ Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերով կատարվող բոլոր վճարները,
- Հիմնադրամին կատարվող նվիրաբերությունները,
- Հիմնադրամին ուղղված այլ մուտքերը:
Ոչ ԱՄՆ դոլարով կամ եվրոյով Հիմնադրամին կատարված բոլոր վճարումները Բանկը փոխարկում է ԱՄՆ դոլարի կամ եվրոյի սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան կերպով որոշվող փոխարժեքով:
գ) Հիմնադրամի խորհրդի որոշման հիման վրա Հիմնադրամի մասնակիցների կողմից հանձնված պարտամուրհակները ներկայացնում է վճարման:
դ) Հիմնադրամի խորհրդի որոշման հիման վրա ընդունում է Հիմնադրամին ուղղված նվիրաբերություններ:
ե) Հիմնադրամի խորհրդի որոշման հիման վրա Հիմնադրամի միջոցներից ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ համաձայնագրեր է կնքում Հիմնադրամի միջոցներն ստացողների հետ (այսուհետ` Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրեր), ապահովում է կնքվող համաձայնագրերի համապատասխանությունը Հիմնադրամի խորհրդի որոշումներով և Հիմնադրամի մասին կանոնադրությամբ նախատեսված պահանջներին:
զ) Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերով իրականացնում է Հիմնադրամի միջոցների տրամադրումը` այդ Համաձայնագրերի պայմաններին համապատասխան:
է) Ներկայացնում և պաշտպանում է Հիմնադրամի մասնակիցների շահերը` կապված Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերի, Հիմնադրամի միջոցների օգտագործմամբ կատարվող այլ գործարքների և Հիմնադրամի շրջանակներում իրականացվող գործունեությանն առնչվող այլ հարցերի հետ:
ը) Հիմնադրամի խորհրդի կողմից հաստատվող կարգին համապատասխան` ավանդներում ներդնում և/կամ տեղաբաշխում է Հիմնադրամի այն միջոցները, որոնք մոտ ժամանակում ֆինանսավորման տրամադրման նպատակով օգտագործելու համար չեն պահանջվում:
թ) Հիմնադրամի մասնակիցների կազմից Հիմնադրամի մասնակցի դուրս գալու դեպքում նրա հետ համաձայնագիր է կնքում Հիմնադրամի խորհրդի որոշման հիման վրա Հիմնադրամի միջոցներում Հիմնադրամի այդ մասնակցի մասնաբաժինը վճարելու ժամկետի և կարգի վերաբերյալ, իրականացնում է վճարումները` ըստ այդ համաձայնագրերի:
ժ) Հիմնադրամի գործառնությունների դադարեցման դեպքում Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակցին փոխանցում է Հիմնադրամի միջոցներում նրա մասնաբաժինը` Հիմնադրամի խորհրդի կողմից սահմանվող կարգով և պայմաններով:
ժա) սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում Հիմնադրամի միջոցները և Հիմնադրամի միջոցների տնօրինման գործունեության արդյունքում ձևավորված ակտիվները փոխանցում է Հիմնադրամի խորհրդի կողմից նշանակված անձին (անձանց) Հիմնադրամի խորհրդի կողմից սահմանված կարգով:
ժբ) Իրականացնում է այլ անհրաժեշտ փաստական և իրավաբանական գործողություններ, որոնք կարող են պետք լինել Հիմնադրամի միջոցների արդյունավետ տնօրինման համար, բացառությամբ այն գործողությունների, որոնք վերաբերում են Հիմնադրամի խորհրդի, Հիմնադրամի փորձագիտական խորհրդի և Հիմնադրամի խորհրդի քարտուղարության իրավասությանը և վերապահված չեն Հիմնադրամի միջոցների կառավարչին:
4. Բանկն իրականացնում է Հիմնադրամի միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կառավարումը Բանկի գնումների սեփական կանոնների և ընթացակարգերի համաձայն և Միջպետական ներդրումային նախագծերը ֆինանսավորելու համար Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերում նախատեսում է Հիմնադրամի միջոցներն ստացողների կողմից գնումների նշված ընթացակարգերին հետևելու պարտավորությունները:
5. Արտակարգ իրավիճակում Բանկը Հիմնադրամի խորհրդի որոշմամբ կասեցնում է Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին նոր համաձայնագրերի կնքումը և Հիմնադրամի միջոցներով այլ գործարքների կատարումը մինչև Հիմնադրամի խորհրդի կողմից ստեղծված իրավիճակի քննարկումը և անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը: