Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ընդերքի տեղամաս` երկրի մակերեսին սահմանագծված որոշակի տարածքի տակ գտնվող ընդերքի հատված.
հողատարածք` երկրի մակերևույթի որոշակի հատված.
հանքարդյունահանում` հանքավայրից ընդերքում պարփակված օգտակար հանածոյի արդյունահանում (շահագործում).
հանքարդյունահանման լիցենզիա` գրավոր թույլտվություն, որն իրավունք է վերապահում տնտեսավարող սուբյեկտին սկսել հանքային իրավունքի ձևավորման գործընթացը: Այն տրամադրվում է 12 տարին չգերազանցող ժամկետով.
հանքարդյունահանման հատուկ լիցենզիա` գրավոր թույլտվություն, որն իրավունք է վերապահում տնտեսավարող սուբյեկտին սկսել հանքային իրավունքի ձևավորման գործընթացը: Այն տրամադրվում է ավելի քան 12 տարի, բայց 25 տարին չգերազանցող ժամկետով, և դրա ձեռքբերողի առաջարկությամբ կարող է կնքվել սույն օրենքով սահմանված կոնցեսիոն պայմանագիր.
ընդերքի ուսումնասիրություն` օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման և գնահատման աշխատանքներ, ինչպես նաև շահագործվող հանքավայրերի լրահետախուզման և շահագործական հետախուզության աշխատանքներ` օգտակար հանածոների լրացուցիչ պաշարների հայտնաբերման, դրանց քանակի, որակի ճշգրտման, ինչպես նաև շահագործման ընթացքում պաշարների շարժի հաշվառման և ռացիոնալ օգտագործման նպատակով.
ուսումնասիրության լիցենզիա` գրավոր թույլտվություն, որն իրավունք է վերապահում տնտեսավարող սուբյեկտին սկսել հանքային իրավունքի ձևավորման գործընթացը: Այն տրամադրվում է 3 տարին չգերազանցող ժամկետով.
ուսումնասիրության հատուկ լիցենզիա` գրավոր թույլտվություն, որն իրավունք է վերապահում տնտեսավարող սուբյեկտին սկսել հանքային իրավունքի ձևավորման գործընթացը: Այն տրամադրվում է ավելի քան 3 տարի, բայց 5 տարին չգերազանցող ժամկետով, և դրա ձեռքբերողի առաջարկությամբ կարող է կնքվել սույն օրենքով սահմանված Կայունացման պայմանագիր.
հանքային իրավունքներ` համապատասխան լիցենզիայով, նախագծով և լիցենզային պայմանագրով հավաստվող ընդերքի որոշակի տեղամասի ուսումնասիրության և (կամ) շահագործման բացառիկ իրավունքներ.
լիցենզառու` դեռևս գործողության մեջ չմտած լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտ.
տնտեսավարող սուբյեկտ` Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր և (կամ) առևտրային կազմակերպություն, օտարերկրյա պետության առևտրային կազմակերպություն.
հանքարդյունահանման համալիր` լիցենզառուի կողմից հանքարդյունահանման և վերամշակման նպատակով կառուցված շենք, շինություն, տեղակայված սարքավորումներ, հաղորդակցուղիներ և (կամ) այլ գույք.
հանքարդյունահանման ծրագիր` ընդերքից տվյալ օգտակար հանածոյի արդյունահանման համար անհրաժեշտ եղանակների, մեթոդների և ժամկետների, ինչպես նաև աշխատանքների անվտանգության ու շրջակա միջավայրի պահպանության համար նախատեսվող միջոցառումների համառոտ նախագիծ.
ուսումնասիրության ծրագիր` ընդերքում պարփակված տվյալ օգտակար հանածոյի երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ մեթոդների, եղանակների և ժամկետների, ինչպես նաև աշխատանքների անվտանգության ու շրջակա միջավայրի պահպանության համար նախատեսվող միջոցառումների համառոտ նախագիծ.
ծրագիր` հանքարդյունահանման ծրագիր և (կամ) ուսումնասիրության ծրագիր.
նախագիծ` սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված երկրաբանական ուսումնասիրության և (կամ) հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագիծ.
էական խախտում` ուսումնասիրության կամ հանքարդյունահանման աշխատանքների նախագծերի իրականացմանը, տեխնոլոգիական նորմերի, նորմատիվների, ժամկետների, անվտանգության կանոնների պահպանմանը, ֆինանսական պարտավորությունների կատարմանն առնչվող խախտում.
լիցենզային պայմանագիր` լիազոր մարմնի և լիցենզառուի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով սահմանվում են տվյալ հանքային իրավունքի տրամադրման պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
Կոնցեսիոն պայմանագիր` Հայաստանի Հանրապետության (հանձինս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի) և հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով կարգավորվում են կողմերի` սույն օրենքով սահմանված պարտավորությունները.
Կայունացման պայմանագիր` Հայաստանի Հանրապետության (հանձինս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի) և ուսումնասիրության հատուկ լիցենզառուի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով կարգավորվում են կողմերի` սույն օրենքով սահմանված պարտավորությունները:
Սույն օրենքում օգտագործվող և սույն հոդվածով չսահմանված հասկացությունները կիրառվում են այն իմաստով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով.
մրցույթով տրամադրվող լիցենզիաներ` սույն օրենքի համաձայն` մրցութային կամ աճուրդային կարգով տրամադրված լիցենզիաներ:
(3-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-28-Ն)