Հոդված 14. Մրցույթի միջոցով տրամադրվող ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դիմումը
Հոդված 14. Մրցույթի միջոցով տրամադրվող ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դիմումը
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկին համապատասխան` ընդերքի առանձին, ռազմավարական նշանակություն ունեցող տեղամասերի նկատմամբ ուսումնասիրության հատուկ լիցենզիաները տրամադրվում են մրցույթով: Մրցույթների կազմակերպման և անցկացման նպատակով լիազոր մարմնի ղեկավարի նախագահությամբ ստեղծվում է միջգերատեսչական մրցութային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում է Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի նախագահը կամ նրա ներկայացմամբ` հանձնաժողովի անդամներից մեկը:
2. Մրցութային հանձնաժողովը ոչ պակաս, քան 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում հայտարարություն հրապարակելու միջոցով տեղեկացնում է տվյալ տարածքի նկատմամբ ուսումնասիրության հատուկ լիցենզիայի տրամադրման համար մրցույթ անցկացնելու մասին: Նման հայտարարությունը պետք է ներառի մրցույթի պայմանները և դրան մասնակցելու համար հայտերի ներկայացման ժամկետը: Այդ ժամկետը չի կարող մեկ ամսից պակաս լինել:
3. Մրցույթին մասնակցելու հայտերը, համաձայն մրցույթի պայմանների, պետք է ներառեն 12-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով` դիմումների համար նախատեսված պահանջները:
4. Մրցութային հանձնաժողովը 14 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է մրցույթին մասնակցելու նպատակով ներկայացված հայտերը և սահմանված կարգով ընդունում է որոշում: Հաղթող է ճանաչվում այն հայտը, որն առավելագույնս է խթանում տարածքի հանքահումքային հենքի արագ և շահավետ շահագործումը, ապահովում շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասակար ազդեցությունների նվազեցումը` հաշվի առնելով`
1) ուսումնասիրության ծրագիրը.
2) հայտատուի ֆինանսական և տեխնիկական միջոցները.
3) հայտատուի ունեցած փորձը ուսումնասիրության և հանքարդյունահանման ոլորտում.
4) մրցույթի անցկացման կարգով սահմանված այլ չափանիշներ:
Սույն մասում սահմանված ժամկետի ավարտման օրը մրցույթի արդյունքները մրցութային հանձնաժողովը հրապարակում է մրցույթին մասնակցելու հայտեր ներկայացրած հայտատուների ներկայությամբ: