Հոդված 20. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դիմումը
Հոդված 20. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դիմումը
1. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դիմումին կից ներկայացվում են`
1) նշում այն մասին, թե ինչ ժամանակահատվածի համար է հավակնում ստանալ լիցենզիան.
2) սպառիչ տեղեկություններ ընդերքի այն տեղամասում գտնվող օգտակար հանածոների հանքավայրի մասին, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ լիցենզիա, ներառյալ` ամփոփ տեղեկատվություն հանքավայրի հաստատված պաշարների, ինչպես նաև հանքարդյունահանման պայմանների վերաբերյալ.
3) հանքարդյունահանման ծրագիր, որը պետք է ներառի ներդրումների կանխատեսումը, հանքաքարի արդյունահանման հաշվարկված չափաքանակը և օգտակար հանածոների հարստացման ու թափոնների հեռացման վերաբերյալ դիմումատուի առաջարկները.
4) նախատեսվող ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մանրամասներ.
5) այլ տեղեկություններ` դիմումատուի հայեցողությամբ:
2. Ի լրումն սույն հոդվածի առաջին մասի պահանջների, արտոնյալ դիմումատուի դիմումին կից պետք է ներկայացվեն տեղեկություններ համապատասխան ուսումնասիրության հատուկ լիցենզիայի վերաբերյալ և ուսումնասիրության տարածքում գտնվող ընդերքի այն տեղամասի լրիվ նկարագրությունը, որի համար դիմումատուն հավակնում է ստանալ հանքարդյունահանման հատուկ լիցենզիա, ինչպես նաև առաջարկվող հանքարդյունահանման տարածքի հատակագիծը` հնարավոր մանրամասներով:
3. Ի լրումն սույն հոդվածի առաջին մասի պահանջների, ոչ արտոնյալ դիմումատուն հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դիմումում պետք է ներառի նաև այնպիսի տվյալներ, որոնք, 12-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, պահանջվում են ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դիմումի համար: