Հոդված 76. Անցումային դրույթները
Հոդված 76. Անցումային դրույթները
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում ստեղծվում է Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողով:
2. Սույն բաժնի իմաստով` «անցումային ժամանակաշրջան» նշանակում է տասնչորս ամիս` սկսած սույն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց: Այն տնտեսավարող սուբյեկտը, որը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուներ հանքային իրավունք, անցումային ժամանակաշրջանում կհամարվի ժամանակավոր լիցենզառու: Անցումային ժամանակաշրջանում ժամանակավոր լիցենզառուն իրավասու է իրականացնել այն բոլոր գործողությունները, որոնք նա իր լիցենզիայի համաձայն իրականացնում էր մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
3. Անցումային ժամանակաշրջանի ընթացքում ժամանակավոր լիցենզառուն իրավունք ունի դիմել լիազոր մարմին` սույն օրենքով սահմանված կարգով հանքային իրավունք ստանալու նպատակով: Այն լիցենզառուն, որը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուներ ուսումնասիրության կամ հետախուզման լիցենզիա, ժամանակավոր լիցենզիայում նշված ընդերքի տեղամասի նկատմամբ իրավունք ունի դիմել իր ընտրությամբ ստանալու`
1) ուսումնասիրության լիցենզիա.
2) ուսումնասիրության հատուկ լիցենզիա:
Ժամանակավոր լիցենզառուն, որը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, 1992 թվականի մարտի 19-ի` Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն ուներ հանքարդյունահանման լիցենզիա, ապա իրավունք ունի դիմել ժամանակավոր լիցենզիայում նշված ընդերքի տեղամասի նկատմամբ իր ընտրությամբ ստանալու`
1) հանքարդյունահանման լիցենզիա.
2) հանքարդյունահանման հատուկ լիցենզիա:
Նշված լիցենզիաներից որևէ մեկի համար դիմած ժամանակավոր լիցենզառուին 1992 թվականի մարտի 19-ի` Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն ստացած լիցենզիայի հիման վրա տրվում է համապատասխան լիցենզիա` լիցենզիայի ժամկետ սահմանելով նախկին լիցենզիայում սահմանված ժամկետի ավարտը:
Լիցենզիայի փոխարինումը կատարվում է նախկին լիցենզիայի բնօրինակը լիազոր մարմին ներկայացնելու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Անցումային ժամանակաշրջանում տրված լիցենզիաների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով:
1992 թվականի մարտի 19-ի` Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն տրված բոլոր լիցենզիաներն անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո ճանաչվում են ուժը կորցրած:
(76-րդ հոդվածը փոփ. 17.12.03 ՀՕ-10-Ն)