Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 26.
Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող (չհաշվառված) կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված տուգանքն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:
Օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը (անկախ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակից) կրկնվելու դեպքում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
Սույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) և երկրորդ պարբերություններում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գանձվում է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանցից, բացի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցների կիրառումից, գանձվում է նաև տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով:
Սույն հոդվածով նախատեսված ապօրինի կամ արգելված գործունեության իրականացման համար տուգանքների կիրառման առումով ապօրինի կամ արգելված գործունեություն իրականացնողի իրացման շրջանառության (համախառն եկամտի) որոշման անհնարինության դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից` կիրառելով սույն օրենքի 22 հոդվածի դրույթները:
Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Սույն հոդվածը չի կիրառվում`
ա) սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված և օրենքով նախատեսված գործունեության իրականացման համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով, բացառությամբ օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցվել է լիցենզավորող մարմնի որոշմամբ,
բ) անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով,
գ) այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:»: