Հոդված 8
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Այն հարկ վճարողները, որոնց համար Օրենքի «Հավելված 4»-ով սահմանված գրանցումը (հաշվառումը) պարտադիր չէ, մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով վարվող գրանցումը (հաշվառումը) դադարեցնում են 2012 թվականի հունվարի 1-ից:
Այն հարկ վճարողները, որոնց համար պարտադիր է Օրենքի «Հավելված 4»-ով հաստատված կարգով գրանցումը (հաշվառումը), պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Օրենքի «Հավելված 4»-ին համապատասխան առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերը (այսուհետ` գրքերը) ներկայացնել իրենց հաշվառման հարկային մարմին հաշվառման և դրոշմակնքման: Սույն պարբերությունում նշված ժամկետում մինչև գրքերը հարկային մարմնի կողմից հաշվառելը, դրոշմակնքելը ու հարկ վճարողին տրամադրելը Օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող ապրանքները չգրանցելու սահմանված պատասխանատվության միջոցները չեն կիրառվում:
Անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածը չկիրառելու դրույթը տարածվում է նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-308-Ն
Հավելված 4
«Հարկերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ)
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքներ) փաստաթղթավորման և ուղեկցող փաստաթղթերի գրանցման (հաշվառման) կարգը: Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանք, ապրանքներ առաքող, տեղափոխող, վաճառող կազմակերպությունների (ոչ առևտրային կազմակերպությունների համար` ձեռնարկատիրական գործունեության մասով) ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա, բացառությամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունների, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով արտոնագրային վճար վճարողների, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով հաստատագրված վճար վճարողների (անկախ օրենքով սահմանված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից):
2. Սույն կարգում կիրառվող հասկացությունները`
առաքման վայր` հարկ վճարողին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող` հասցե ունեցող կամ չհասցեավորված անշարժ գույքի միավոր, առևտրի օբյեկտ, առևտրի իրականացման վայրի վաճառատեղ, անշարժ գույքի միավորներից որպես միասնություն կազմված անշարժ գույքի օբյեկտ, ընդերքի տեղամաս, ներբնակավայրային և բնակավայրերի սահմանագծերից դուրս աշխարհագրական օբյեկտ կամ ընդհանրական տարածք (նույն հասցեում չգտնվող, սակայն հարկ վճարողին տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող մեկ ընդհանրական` այլ անձանց տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող տարածքներով չսահմանազատված տարածք), որտեղից առաքվում, տեղափոխվում կամ որտեղ վաճառվում է ապրանքը.
առաքման կետ` տրանսպորտային միջոց, որն օգտագործվում է նախապես անհայտ գնորդներին հարկ վճարողի կողմից իր ապրանքներն առաքելու համար.
առաքվող ապրանք` հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերից կամ կետերից առուվաճառքի, մատակարարման, փոխանակության, կոմիսիայի, գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա կամ առանց դրանց գնորդին (ստացողին) կամ նրա նշած անձին հանձնվող (այդ թվում` տեղ հասցնելու կամ փոխադրողին հանձնելու պայմանով)` իրացվող, հատկացվող, բաց թողնվող, տրամադրվող կամ ցանկացած այլ ձևով օտարվող (այդ թվում` անհատույց) ապրանք.
տեղափոխվող ապրանք` հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերի և (կամ) կետերի միջև տեղափոխվող, իր առաքման վայրերից մաքսատուն կամ մաքսակետ տեղափոխվող կամ պահատվության, հանձնարարության, պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով հանձնվող կամ հետ վերադարձվող կամ որևէ առաքման վայրից կամ կետից ձեռք բերված և տեղափոխվող (այդ թվում` փոխադրողի միջոցով) ապրանք.
ուղեկցող փաստաթուղթ՝ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող` սույն կարգին համապատասխանող հաշվարկային փաստաթուղթ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է հետևյալ ուղեկցող փաստաթղթերով՝
1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկային հաշիվ դուրս գրելու պարտավորության դեպքում առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքն ուղեկցվում է օրենքով սահմանված կարգով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշիվներով, իսկ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված ձեռքբերումների մասով` հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններով.
2) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկային հաշվի փոխարեն այլ հաշվարկային փաստաթուղթ լրացնելու (կազմելու) պարտավորության դեպքում, ինչպես նաև ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների կողմից ապրանքներ առաքելու դեպքում առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքն ուղեկցվում է սահմանված կարգով մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով (այսուհետ` հաշիվ-ապրանքագիր), իսկ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված ձեռքբերումների մասով` հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններով.
3) հարկ վճարողի կողմից ապրանքը (բացառությամբ ձեռք բերված և տեղափոխվող ապրանքի) ուղեկցվում է ապրանքի տեղափոխումը հավաստող սահմանված կարգով դուրս գրված համապատասխան ապրանքագրերով, բեռնագրերով և բեռնառաքման փաստաթղթերով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ մաքսային համապատասխան (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր) փաստաթղթերով (այսուհետ՝ ապրանքագիր):
4. Սույն կարգի իմաստով ուղեկցող փաստաթղթին (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված գործարքների մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններին) ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե ուղեկցող փաստաթղթում առկա են հետևյալ վավերապայմանները`
1) ուղեկցող փաստաթղթի հերթական համարը, դուրսգրման ամսաթիվը.
2) առաքող կամ տեղափոխող անձի (բացառությամբ ձեռք բերողի կողմից տեղափոխման դեպքի) անվանումը, ՀՎՀՀ-ն.
3) առաքման կամ տեղափոխման ամսաթիվը.
4) առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները (ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը և պետական համարանիշը), որտեղից առաքվում կամ տեղափոխվում է ապրանքը.
5) առաքվող կամ տեղափոխվող ապրանքների նշանակման վայրի հասցեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում.
6) առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքների գինը (արժեքը) հանրագումարով.
7) առաքվող կամ տեղափոխվող ապրանքի գնորդի (ստացողի)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տվյալները, ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը.
8) գրանցման գրքի, էջի և տողի համարների գրառումը (բացառությամբ հարկային հաշիվների):
5. Սույն կարգի իմաստով անփաստաթուղթ ապրանք է համարվում առաքվող կամ տեղափոխվող այն ապրանքը, որը`
1) փաստացի առաքվում կամ տեղափոխվում է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի.
2) փաստացի առաքման կամ տեղափոխման ժամանակ օրենքով սահմանված կարգով հայտնաբերված՝ ուղեկցող (կամ էլեկտրոնային եղանակով դուրս գրված) փաստաթղթերի համեմատությամբ փաստացի առաքվող կամ տեղափոխվող ապրանքի քանակական ավելցուկը.
3) փաստացի առաքվում կամ տեղափոխվում է սույն կարգի 4-րդ կետի պահանջներին չբավարարող ուղեկցող փաստաթղթով: Սույն ենթակետի կիրառման իմաստով ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված նաև այն դեպքերում, երբ ուղեկցող փաստաթղթերի վավերապայմաններում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և բացթողումներ), պայմանով, որ առկա վավերապայմաններն ըստ էության հիմնավորում են սույն կարգի 4-րդ կետի պահանջների կատարված լինելը.
4) օրենքով սահմանված կարգով հայտնաբերված փաստացի առաքվող (այդ թվում` ձեռք բերողի կողմից տեղափոխելու դեպքում) ապրանք է, սակայն ուղեկցվում է սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված այլ ուղեկցող փաստաթղթով:
Անփաստաթուղթ ապրանքի մասով սույն կարգի դրույթները չեն տարածվում հարկ վճարողի կողմից օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը: Անփաստաթուղթ ապրանքի մասով սույն կարգի դրույթները տարածվում են ապրանքներ ձեռք բերող հարկ վճարողների կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող ապրանքների վրա, անկախ ապրանքներ վաճառող հարկ վճարողի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու հանգամանքից:
6. Հարկ վճարողն իր առաքման վայրից կամ կետից ապրանքի առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ տեղափոխման) պարտավոր է`
1) սույն կարգին համապատասխան՝ վարել առաքվող կամ տեղափոխվող ապրանքների փաստաթղթավորում և ուղեկցող փաստաթղթերի հաշվառում` կատարելով գրանցումներ սույն կարգին կից սահմանված ձևով էջերից կազմված, համարակալված, թելակարված և իր հաշվառման հարկային մարմնի կողմից հաշվառված ու դրոշմակնքված` առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերում (այսուհետ` գիրք), կամ
2) 2013 թվականի հունվարի 1-ից սկսած՝ սույն կարգին համապատասխան` առաքվող կամ տեղափոխվող ապրանքների ուղեկցող փաստաթղթերի հաշվառումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարել էլեկտրոնային եղանակով:
7. Հարկ վճարողն իր յուրաքանչյուր առաքման վայրի համար (ապրանքների առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում) պարտավոր է վարել առանձին գիրք, որը սույն կարգին համապատասխան ներկայացվում է հարկային մարմին` հաշվառման և դրոշմակնքման: Հարկ վճարողը պարտավոր է ապրանքների առաքման կամ տեղափոխման ընթացքում գիրքը պահել համապատասխան առաքման վայրում, գրքերում գրանցումները կատարել գրիչով: Սույն կետի պահանջների խախտումը համարվում է առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) կարգի խախտում:
8. Հարկային մարմնում հաշվառված և դրոշմակնքված գիրքը խիստ հաշվառման փաստաթուղթ է, որը հերթական համարով հաշվառվում է հարկային մարմնում վարվող` հարկային մարմնում կնքված գրքերի հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան):
9. Հարկ վճարողը (հարկ վճարող կազմակերպության պաշտոնատար կամ լիազորված անձը) իր հաշվառման հարկային մարմին է ներկայացնում վերադաս հարկային մարմնի սահմանած ձևով հայտ ու հարկային մարմնում հաշվառման և դրոշմակնքման համար գիրքը, իսկ նախկինում հարկային մարմնի հաշվառած և դրոշմակնքած գրքի լրանալ-ավարտվելուց հետո նոր գիրք ներկայացնելու դեպքում` նաև նախկինում կնքված և համարակալված գիրքը: Հայտը հարկային մարմին մուտքագրվելուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմինն ապահովում է գրքերի կնքումը, հաշվառումը և տրամադրումը հարկ վճարողին, որը ներառում է`
1) գրանցամատյանում պահանջվող տեղեկատվության լրացումը.
2) գրքի համարակալումը գրանցամատյանում գրանցման և տվյալ հարկ վճարողի` հարկային մարմնում կնքված գրքերի հերթական համարներով.
3) գրքի կազմի վրա հարկ վճարողի անվանման, կազմակերպական-իրավական ձևի, հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ), գտնվելու (հաշվառման) վայրի, գտնվելու (հաշվառման) վայրից տարբերվող` առաքման վայրի, առաքման կետի դեպքում` տրանսպորտային միջոցի անվանումը, մակնիշը և պետական համարանիշը, ըստ հարկային մարմնում վարվող գրանցամատյանի` գրքի հերթական համարի նշումը.
4) գրքի վերջին էջի թելակարված մասի կնքումը և ստորագրումը հարկային մարմնի ղեկավարի կողմից, դրան կից գրքի կնքման և համարակալման ամսաթվի գրառումը.
5) գրքի վրա հարկային մարմնի տարբերանշանի պատկերով ինքնասոսնձվող դրոշմանիշի փակցնումը.
6) հարկ վճարողի նախկինում կնքված գիրքը լրացված-ավարտված լինելու դեպքում վերջին գրառումից անմիջապես հետո «Գիրքն ավարտված է» նշումը կատարելը և կնքելը.
7) հաշվառված և դրոշմակնքված գրքի տրամադրումը հարկ վճարողին, հարկ վճարողի պաշտոնատար կամ լիազորված անձի կողմից դրա համար գրանցամատյանում ստորագրելը:
10. Առաքման վայրի կամ կետի գրքի լրանալուց-ավարտվելուց հետո կամ մինչև դրա լրանալ-ավարտվելը հարկ վճարողը, սույն կարգին համապատասխան, նոր գիրք է ներկայացնում հարկային մարմին` հաշվառման և դրոշմակնքման: Նոր գրքում գրանցումները կարող են կատարվել միայն հարկային մարմին ներկայացված` լրացված-ավարտված գրքի վերջին գրառումից անմիջապես հետո հարկային մարմնի կողմից «Գիրքն ավարտված է» գրառումը կատարվելուց և կնքվելուց հետո: Եթե հարկ վճարողը հարկային մարմին հաշվառման և դրոշմակնքման համար տվյալ առաքման վայրի կամ կետի նոր գիրքը ներկայացրել է մինչև նախկինում հարկային մարմնի կնքած և հաշվառած գրքի լրանալ-ավարտվելը, ապա նոր գիրքը ստանալուց հետո պարտավոր է նախկինում հաշվառված և դրոշմակնքված գիրքը լրանալ-ավարտվելուց հետո ներկայացնել հարկային մարմին: Սույն կետում նշված դեպքում հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրքի վերջին գրառումից անմիջապես հետո կատարում է «Գիրքն ավարտված է» գրառումը, կնքում և հարկ վճարողին է տրամադրում լրացված-ավարտված գիրքը:
11. Հարկ վճարողի (պատասխանատու անձի) կողմից մինչև ապրանքների փաստացի առաքումը կամ տեղափոխումն ուղեկցվող յուրաքանչյուր փաստաթղթի համար առանձին, ըստ առաքման կամ տեղափոխման հաջորդականության, գրքում կատարվում են հետևյալ գրանցումները`
1) գրանցման հերթական համարը.
2) ապրանքներն ուղեկցող փաստաթղթի հերթական համարը, դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
3) ապրանքների առաքման կամ տեղափոխման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
4) ապրանքների առաքման փաստաթղթի ընդհանուր գումարը.
5) գնորդը (ստացողը) և նշանակման վայրի հասցեն:
12. Գրքում գրանցում կատարելուց հետո գնորդին (ստացողին) կամ նրա կողմից նշած անձին կամ փոխադրողին տրվող ուղեկցող փաստաթղթի վերևի աջ անկյունում «Գրանցման գիրք N______ Էջ______տող______» գրառման մեջ (նախապես նման գրառման բացակայության դեպքում կատարվում է նաև գրառում) լրացվում են գրքի, տվյալ փաստաթղթի գրանցման էջի և տողի հերթական համարները:
13. Հարկ վճարողը գրքում չի գրանցում`
1) առաքման վայրի տարածքում ապրանքների տեղափոխումը.
2) խողովակաշարերով, էլեկտրահաղորդման, էլեկտրակապի գծերով առաքումը.
3) տարածման նպատակով մամուլի տեղափոխումը.
4) վերանորոգման և համանման այլ ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման ժամանակ պահեստամասերի կամ երաշխիքային ժամկետ ունեցող տեխնիկայի տեղափոխումը.
5) հարկ վճարողի հիմնական միջոցների և արագամաշ առարկաների տեղափոխումը.
6) օրենքով սահմանված կարգով հարկային հաշիվներով առաքումը.
7) օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով կատարված գործարքները, որոնց համար պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը:
14. Գրանցման գրքում սխալ գրառում կատարելու դեպքում տողի վրա գրիչով գիծ է քաշվում այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և կատարվում է ճիշտ գրառում (սխալ գրառումից հետո գրքում տողեր լրացված լինելու դեպքում` վերջին գրառման տողից հետո), ջնջված տողի կողքին կատարելով նշագրում սխալ գրառման մասին` նշելով սխալի ուղղման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ճիշտ գրառման տողի համարը, հաստատելով գրառում կատարողի ստորագրությամբ:
15. Սույն կարգի 12-րդ կետում նշված գրանցման ժամկետների բացթողնման և գրքում հետագա տողեր լրացված լինելու դեպքում առաքման կամ տեղափոխման փաստաթղթերը գրանցվում են վերջին գրառման տողից հետո` այդ տողի կողքին նշելով գրանցման փաստացի կատարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, հաստատելով գրառում կատարողի ստորագրությամբ:
16. Հարկային մարմնի ստուգմամբ հայտնաբերված` սույն կարգին համապատասխան չգրանցված առաքման կամ տեղափոխման փաստաթղթերը հարկ վճարողները պարտավոր են սույն կարգի 15-րդ կետով նախատեսված կարգով գրանցել գրքում վարչական ակտը սահմանված կարգով իրենց ներկայացվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
_________________________
ՁԵՎ
ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԳՐՔԻ
N_____________
Հ/Հ
ը/կ Առաքման կամ տեղափոխման փաստաթղթի հերթական համարը,ամսաթիվը, ամիսը,
տարեթիվը Առաքման կամ տեղափոխման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը Գումարը(դրամ) Գնորդը (ստացողը)
և նշանակման վայրի հասցեն
1 2 3 4 5