Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Կուսակցությունների հաշվետվությունները պետական մարմիններին
1. Կուսակցությունները պետական մարմիններ ֆինանսական ու հաշվապահական հաշվետվություններ են ներկայացնում իրավաբանական անձանց համար օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
2. Կուսակցությունը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, մամուլում հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն) և օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև սահմանված կարգով այն տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
3. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև ունեցած գույքի մասին` նշելով դրա արժեքը: Հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը (ներառյալ` հաշվետվության ձևը) սահմանում է պետական լիազոր մարմինը: Կուսակցության կողմից նախընտրական քարոզչության նախապատրաստման և իրականացման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:
4. Կուսակցության կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական լիազոր մարմինը, իսկ օրենքով սահմանված դեպքերում իրականացնում են նաև այլ իրավասու մարմինները` իրենց իրավասություններին և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան: Կուսակցության հրապարակած և պետական լիազոր մարմին ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար պետական լիազոր մարմնի պահանջի դեպքում կուսակցությունը պարտավոր է երեք օրվա ընթացքում պետական լիազոր մարմնին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կուսակցության դրամարկղային և բանկային մուտքերի և ելքերի վերաբերյալ, նախնական հաշվապահական հաշվառման և այլ փաստաթղթեր:
5. Կուսակցության ստացած` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրը նշվում է կուսակցության հաշվետվությունում:
6. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճարումներից ստացված ընդհանուր գումարի հետ կուսակցության հաշվետվությունում նշվում է նաև նշված վճարումները կատարած կուսակցության անդամների թիվը:
7. Սույն օրենքով սահմանված հաշվետվությունները չհրապարակելը կամ չներկայացնելը կամ սույն օրենքով սահմանված կարգին չհամապատասխանող հաշվետվություններ հրապարակելը կամ ներկայացնելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:»: