Հոդված 11. Չափագիտության ազգային մարմինը
Հոդված 11. Չափագիտության ազգային մարմինը
1. Չափագիտության ազգային մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Չափագիտության ազգային մարմինն իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում չափագիտության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականություն:
2. Չափագիտության ազգային մարմինը`
1) ստեղծում, պահպանում, կատարելագործում է մեծությունների միավորների ազգային չափանմուշները.
2) ապահովում է ազգային չափանմուշների տրամաչափարկում այլ երկրների չափագիտության ազգային ինստիտուտների չափանմուշների հետ.
3) իր իրավասության շրջանակներում անդամակցում է միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին.
4) սահմանում է ստանդարտ նմուշների վկայագրման կարգը և իրականացնում է ստանդարտ նմուշների վկայագրում.
5) չափածրարված արտադրանք և չափիչ սրվակներ արտադրող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրում է պայմանանշաններ.
6) իրականացնում է շահագործման մեջ գտնվող չափման միջոցների չափագիտական բնութագրերի փորձաքննություն.
7) իրականացնում է տրամաչափարկման աշխատանքներ հետևելիությունն ապահովելու նպատակով.
8) իրականացնում է օրենսդրական չափագիտության ոլորտում չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում.
9) իրականացնում է չափածրարված արտադրանքի հսկողություն չափագիտական ապահովման վերլուծության և չափումների պահանջվող ճշտության ապահովման միջոցով.
10) հաստատում է չափման միջոցների տեսակը.
11) վարում է հաստատված չափման միջոցների և ստանդարտ նմուշների գրանցամատյանը.
12) մասնակցում է չափման միջոցների տրամաչափարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման աշխատանքներին.
13) իրականացնում է չափման միջոցների ստուգաչափում.
14) կազմակերպում է չափագիտության բնագավառում կադրերի մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագետների ուսուցում, ինչպես նաև տրամաչափարկման և փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր: