Հոդված 9. ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ
Հոդված 9. ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ
1. Ազգային ստանդարտներն են`
ա) Հայաստանի Հանրապետության ստանդարտները.
բ) ստանդարտացման ազգային համակարգով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում կիրառվող միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտները:
2. Ազգային ստանդարտներով սահմանվում են պահանջներ և նորմեր` արտադրանքի, աշխատանքի և ծառայության անվտանգության, սանիտարական վիճակի, տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության, արտադրանքի սպասարկման (շահագործական) հիմնական բնութագրերի, փորձարկման մեթոդների, արտադրանքը փաթեթավորելու, մակնշելու, պահելու, փոխադրելու, օգտագործելու, վերականգնելու (նորոգելու) և օգտահանելու վերաբերյալ:
Ազգային ստանդարտներով սահմանվում են նաև արտադրանքի մշակման, արտադրման և օգտագործման (շահագործման) տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման, արտադրանքի, աշխատանքի և ծառայության որակի ապահովման, միջոցների օգտագործման, թույլտվածքներին և նստեցվածքներին վերաբերող պահանջներ, ինչպես նաև տերմիններ, չափագիտական և այլ կազմակերպատեխնիկական և ընդհանուր տեխնիկական կանոններ:
3. Ազգային ստանդարտների համար կիրառվում է «ՀՍՏ» դասիչը (բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի դեպքի):
4. Ազգային ստանդարտների մշակումը պետք է հիմնված լինի շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության սկզբունքի վրա: Ազգային ստանդարտների մշակումը, ընդունումն ու կիրառումն իրականացվում է ստանդարտացման ազգային համակարգին համապատասխան:
5. Ազգային ստանդարտները և դրանց փոփոխությունները ենթակա են պետական գրանցման:
(9-րդ հոդվածը լրաց. 26.05.04 ՀՕ-81-Ն)