Հոդված 15. ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 15. ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
1. Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման բնագավառում պետական կառավարումը իրականացնում է ստանդարտացման ազգային մարմինը:
2. Ստանդարտացման ազգային մարմինը՝
ա) մշակում և իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է պետական քաղաքականությունը ստանդարտացման բնագավառում.
բ) համապատասխան շահագրգիռ մարմինների առաջարկությունների հիման վրա նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագիրը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի մշակման ծրագիրը.
գ) հաստատում և գործողության մեջ է դնում ազգային ստանդարտները.
դ) ընդունում է դասակարգիչները, բացառությամբ 8-րդ հոդվածով նախատեսված սոցիալ-տնտեսական ոլորտի դասակարգիչների.
ե) իրականացնում է տեխնիկական կանոնակարգերի նախագծերի ծանուցումը.
զ) համակարգում է ստանդարտների ազգային ինստիտուտի գործունեությունն իրեն վերապահված իրավասությունների սահմաններում:
3. Ստանդարտների ազգային ինստիտուտը՝
ա) ընդունում է ազգային ստանդարտները.
բ) ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական և ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտների և այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը.
գ) կազմակերպում է միջազգային, միջպետական, ազգային ստանդարտների նախագծերի փորձաքննությունը.
դ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպություններում.
ե) մասնակցում է միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման աշխատանքներին.
զ) հրատարակում է ազգային ստանդարտները.
է) ստեղծում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները և համակարգում դրանց գործունեությունը.
ը) ստեղծում և վարում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը.
թ) կազմակերպում է ստանդարտացման բնագավառում կադրերի մասնագիտացում և վերապատրաստում, համապատասխանության գնահատման բնագավառում՝ մասնագետների համապատասխան ուսուցում և որպես փորձագետներ որակավորում, դրանց արդյունքների հիման վրա նշված բնագավառներում շնորհում է համապատասխան վկայագրեր.
ժ) իրականացնում է ազգային ստանդարտների, ստանդարտացման բնագավառի կանոնների, նորմերի և հանձնարարականների, ինչպես նաև դասակարգիչների, տեխնիկական պայմանների և դրանց փոփոխությունների գրանցումը (հաշվառումը):
(15-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.05.04 ՀՕ-81-Ն)