Հոդված 5
Հոդված 5
1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները համաձայնում են, որ.
ա) կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը. այն պետք է նպաստի բոլոր ազգերի և ռասայական կամ կրոնական բոլոր խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության՝ խաղաղության պահպանմանն ուղղված գործունեության զարգացմանը,
բ) էական նշանակություն ունի, առաջին հերթին, ծնողների և, համապատասխան դեպքերում, խնամակալների՝ իրենց երեխաների համար հանրային իշխանությունների կողմից պահվող ուսումնական հաստատություններից բացի այլ ուսումնական հաստատություններ ընտրելու ազատության հարգումը, պայմանով, որ այդ ուսումնական հաստատությունները համապատասխանեն իրավասու իշխանությունների սահմանած կրթական նվազագույն ստանդարտներին, ու երկրորդ, տվյալ երկրում օրենսդրության կիրառման ընթացակարգերին համապատասխան կարգով երեխաների համար՝ իրենց դավանանքին համապատասխան, կրոնական և բարոյական կրթության ապահովումը. ոչ մի անձի կամ անձանց խմբի չի կարելի պարտադրել ստանալու կրոնական ցուցումներ՝ հակառակ իր կամ իրենց դավանանքի,
գ) կարևոր է ճանաչել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց՝ սեփական կրթական գործունեություն ծավալելու իրավունքը, ներառյալ դպրոցներ պահելը, և, պայմանավորված յուրաքանչյուր պետության կրթական քաղաքականությամբ, սեփական լեզուն օգտագործելու կամ դասավանդելու իրավունքը, պայմանով, որ.
(i) այդ իրավունքի իրականացումը չի խոչընդոտում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց՝ հասկանալու ողջ համայնքի մշակույթն ու լեզուն և մասնակցելու նրա գործունեությանը կամ դա չի վտանգում ազգային ինքնիշխանությունը,
(ii) կրթության ստանդարտը ցածր չէ իրավասու իշխանությունների սահմանած կամ հաստատած ընդհանուր ստանդարտից,
(iii) այդպիսի դպրոցներ հաճախելը ֆակուլտատիվ է:
2. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սույն հոդվածի 1-ին կետում շարադրված սկզբունքների կատարումն ապահովելու համար: