Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Միջազգային առևտրի վերաբերյալ դրույթներ

1. ա/ Յուրաքանչյուր Կողմ, որը թույլատրում է 1-ին և 2-րդ ցանկում ընդգրկված նյութերի արտահանումը կամ ներմուծումը, պահանջում է ներկայացնել Հանձնաժողովի կողմից սահմանված բլանկի վրա արտահանման կամ ներմուծման առանձին թույլտվություն, որը տրվում է արտահանման կամ ներմուծման յուրաքանչյուր առանձին գործարքի դեպքում` անկախ նյութերի անվանումների քանակից:

բ/ Թույլտվության մեջ նշվում են. նյութի չգրանցված միջազգային անվանումը, կամ, այդպիսի անվանման բացակայության դեպքում` նյութի անվանումը համապատասխան ցանկում, արտահանման կամ ներմուծման համար նախատեսված քանակը, դեղաձևը, արտահանողի կամ ներմուծողի անվանումն ու հասցեն, ինչպես նաև արտահանման կամ ներմուծման ժամկետները: Եթե տվյալ նյութը արտահանվում կամ ներմուծվում է պատրաստուկի տեսքով, ապա պահանջվում է նաև նշել այդ պատրաստուկի անվանումը` եթե այդպիսին կա: Արտահանման թույլտվության մեջ նշվում է նաև ներմուծման թույլտվության համարը, տրման ամսաթիվը և հանձնող մարմնի անվանումը:

գ/ Մինչև արտահանման թույլտվություն տալը, Կողմերը պահանջում են ներկայացնել ներմուծման թույլտվությունը, որը տրվում է ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից և հավաստում է, որ դրա մեջ նշված նյութի կամ նյութերի ներմուծումը թույլատրվում է, այդ թույլտվությունը ներկայացվում է արտահանման թույլտվություն ստանալու նպատակով դիմող անձի կամ ձեռնարկության կողմից:

դ/ Նյութի յուրաքանչյուր արտահանվող խմբաքանակ պետք է ուղեկցվի արտահանման թույլտվության պատճենով, իսկ արտահանման թույլտվությունը տված պետական մարմինները ներմուծող երկրի կամ տարածքի պետական մարմիններին տրված թույլտվության պատճենը:

ե/ Ներմուծումն ավարտելուց հետո, ներմուծող երկրի կամ տարածքի պետական մարմինները վերադարձնում են արտահանող երկրի կամ տարածքի պետական մարմիններին արտահանման նշված թույլտվությունը, դրա վրա փաստացի ներմուծված քանակը հավաստող նշում կատարելով:

2. ա/ Կողմերը պահանջում են, որ 3-րդ ցանկում ընդգրկված նյութերի արտահանման յուրաքանչյուր դեպքում արտահանողները Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով լրացնեն հայտարարագիր` երեք օրինակից, որտեղ նշվում են հետևյալ տեղեկությունները.

i) արտահանողի և ներմուծողի անվանումն ու հասցեն,

ii) նյութի չգրանցված միջազգային անվանումը, կամ, այդպիսի անվանման բացակայության դեպքում` նյութի անվանումը համապատասխան ցանկում,

iii) արտահանվող նյութի քանակը և դեղաձևը, իսկ եթե արտահանվում է պատրաստուկի տեսքով` պատրաստուկի անվանումը, եթե այդպիսին կա և

iv) մեկնման ամսաթիվը:

բ/ Արտահանողները իրենց երկրի իրավասու մարմիններին ներկայացնում են նշված հայտարարագրի երկու օրինակ: Երրորդ օրինակը ուղարկվում է բեռի հետ միասին:

գ/ Կողմը, որի տարածքից արտահանվել է 3-րդ ցանկում ընդգրկված որևէ նյութ, հնարավորինս սեղմ ժամկետներում` ոչ ուշ, քան մեկնման պահից իննսուն օր անց, ներմուծող երկրի կամ տարածքի իրավասու մարմիններին պատվիրված նամակով ուղարկում է արտահանողից ստացված հայտարարագրի մեկ օրինակը` դրա ստացումը հավաստելու խնդրանքով:

դ/ Կողմերը կարող են պահանջել, որ ներմուծողը տվյալ բեռի ստացման պես իր երկրի կամ տարածքի իրավասու մարմիններին ուղարկի հայտարարագրի պատշաճ կերպով հաստատված օրինակը, որը կցվում է բեռին` ստացված քանակի և ստացման ամսաթվի նշումով:

3. 1-ին և 2-րդ ցանկում ընդգրկված նյութերի նկատմամբ կիրառվում են հետևյալ լրացուցիչ դրույթները.

ա/ Կողմերն ազատ նավահանգիստներում և ազատ առևտրի գոտիներում իրականացնում են նույն տեսակի հսկողություն, ինչ իրենց տարածքների այլ մասերում, սակայն այն պայմանով, որ նրանք կարող են կիրառել ավելի խիստ միջոցներ:

բ/ Բեռների արտահանումը թույլտվության մեջ նշվածից բացի այլ անձի հասցեով կամ բանկային հաշվեհամարով արգելվում է:

գ/ 1-ին ցանկում ընդգրկված նյութերի արտահանումը մաքսային պահեստներ արգելվում է: 2-րդ ցանկում ընդգրկված նյութերի արտահանումը մաքսային պահեստներ արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ ներմուծող երկրի պետական մարմինները արտահանման թույլտվություն ստանալու համար դիմող անձի կամ ձեռնարկության կողմից ներկայացվող ներմուծման թույլտվության մեջ նշում են, որ թույլատրում են ներմուծվող բեռի պահպանումը մաքսային պահեստում: Այս դեպքում արտահանման թույլտվության մեջ նշվում է, որ տվյալ բեռն արտահանվում է հենց այդ նպատակով: Մաքսային պահեստի տարածքից բեռի բացթողման համար պահանջվում է այն մարմինների թույլտվությունը, որոնց ենթակայության տակ է գտնվում տվյալ մաքսային պահեստը, իսկ բեռն արտասահման ուղարկելու դեպքում դրա բացթողումը սույն Կոնվենցիայի իմաստով դիտարկվում է որպես նոր արտահանում:

դ/ Առանց ուղեկցող արտահանման թույլտվության որևէ Կողմի տարածք ներկրվող կամ տարածքից դուրս բերվող բեռները ենթակա են ձերբակալման իրավասու մարմինների կողմից:

ե/ Կողմը չի թույլատրում իր տարածքով մեկ այլ Կողմի համար նախատեսված որևէ նյութի տարանցիկ փոխադրումը, անկախ նրանից, բեռնաթափվել է տվյալ նյութերի բեռն այն տեղափոխող տրանսպորտային միջոցից, թե ոչ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ Կողմի իրավասու մարմիններին ներկայացվում է բեռի արտահանման թույլտվության պատճենը:

զ/ Այն երկրի կամ տարածքի իրավասու մարմինները, որի տարածքով թույլատրվում է նյութերով բեռի տարանցիկ փոխադրումը, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխարգելեն տվյալ բեռի փոխադրումը ուղեկցող արտահանման թույլտվության պատճենում նշվածից բացի մեկ այլ երթուղով, բացառությամբ այն դեպքերի, երբ երթուղու փոփոխությունը կատարվում է տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի պետական մարմինների թույլտվությամբ: Տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի պետական մարմինները բեռի փոխադրման երթուղին փոխելու մասին ցանկացած դիմումը դիտարկում են որպես արտահանում տարանցիկ փոխադրման երկրից կամ տարածքից նշանակման նոր երկիր կամ տարածք: Եթե երթուղու փոփոխությունը թույլատրվում է, ապա սույն հոդվածի 1-ին կետի «ե» կետի դրույթները կիրառվում են նաև տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի և սկզբնական արտահանման երկրի կամ տարածքի հարաբերությունների կարգավորման համար:

է/ Տարանցիկ փոխադրման մեջ կամ մաքսային պահեստում գտնվող նյութեր պարունակող ոչ մի բեռ չի կարող ենթարկվել այդ նյութի բնութագրերը փոփոխող որևէ գործընթացի ազդեցության: Փաթեթավորումը չի կարող փոփոխվել առանց իրավասու մարմինների թույլտվության:

ը/ Սույն կետի «ե»-ից «է» ենթակետերի դրույթները, որոնք վերաբերում են այս կամ այն Կողմի տարածքով նյութերի փոխադրմանը, չեն կիրառվում այն դեպքերում, երբ տվյալ բեռը տեղափոխվում է օդանավով` պայմանով, որ օդանավը տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի վրայով ընթանում է առանց վայրէջքի: Եթե օդանավը վայրէջք է կատարում ցանկացած այդպիսի երկրում կամ տարածքում, ապա նշված դրույթները կիրառվում են ըստ առկա հանգամանքների:

թ/ Սույն կետի դրույթները չեն խախտում որևէ միջազգային համաձայնագրերի դրույթները, որոնցով կարող է սահմանափակվել տարանցվող նյութերի նկատմամբ Կողմերի հսկողությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։