Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Նյութերի նկատմամբ հսկողության իրականացման շրջանակները

1. Եթե Կողմերից որևէ մեկը կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկություններ ունի որևէ նյութի մասին, որը դեռ չի գտնվում միջազգային հսկողության ներքո, և այդ տեղեկություններն, իր կարծիքով, կարող են պահանջել այդ նյութի ներառումը սույն Կոնվենցիային կից ցանկերից մեկում, ապա այն այդ մասին ծանուցում է Գլխավոր քարտուղարին` իրեն տրամադրելով նաև այդ ծանուցումը հիմնավորող տեղեկությունները: Վերը նշված ընթացակարգը կիրառվում է նաև այն դեպքում, երբ Կողմերից մեկը կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկություններ ունի, որոնց հիման վրա սույն Կոնվենցիային կից ցանկերից որևէ մեկում ներառված նյութը ենթակա է տեղափոխման մեկ այլ ցանկ կամ պետք է ընդհանրապես հեռացվի ցանկից:

2. Գլխավոր քարտուղարն այդ ծանուցումը, ինչպես նաև բոլոր տեղեկությունները, որոնք, իր կարծիքով, առնչվում են տվյալ հարցին, ուղղում է Կողմերին, Հանձնաժողովին և, եթե ծանուցումն ստացվում է որևէ Կողմից` Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

3. Եթե ծանուցման հետ միասին ուղղված տեղեկությունները վկայում են այն բանի մասին, որ տվյալ նյութը ենթակա է սույն Կոնվենցիային կից 1-ին կամ 2-րդ ցանկերում ընդգրկման` սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան, Կողմերն իրենց տրամադրության տակ գտնվող տեղեկությունների հիման վրա քննարկման են ենթարկում տվյալ նյութի նկատմամբ հսկողության այնպիսի միջոցների կիրառման հնարավորությունը, ինչպիսիք կիրառվում են համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ ցանկերում ներառված նյութերի նկատմամբ:

4. Եթե առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համարում է, որ

ա/ տվյալ նյութը կարող է.

i) 1/ կախվածության վիճակ առաջացնել և

2/ խթանող կամ ճնշող ազդեցություն գործել կենտրոնական նյարդային համակարգի վրա` առաջացնելով զգայախաբություններ կամ շարժողական գործառույթի, մտածողության, վարքի, ընկալման կամ տրամադրության խախտումներ, կամ

ii) առաջացնել համանման չարաշահում և համանման վնասակար հետևանքների հանգեցնել նույնպես, ինչպես 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ցանկերում ներառված նյութերից որևէ մեկը, և

բ/ բավարար քանակությամբ վկայություններ կան, որ տեղի է ունենում տվյալ նյութի չարաշահում կամ առկա է այդպիսի չարաշահման հավանականություն, որն իրենից ներկայացնում է կամ կարող է ներկայացնել առողջապահական և սոցիալական լուրջ հիմնախնդիր, ինչը հիմք է հանդիսանում այդ նյութի նկատմամբ միջազգային հսկողության միջոցների կիրառման համար,

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հանձնաժողովին հայտնում է տվյալ նյութի գնահատականը, այդ թվում` դրա չարաշահման աստիճանի կամ հավանականության գնահատականը, առողջապահական և սոցիալական ենթատեքստում տվյալ հիմնախնդրի կարևորության աստիճանի գնահատականը և բժշկական պրակտիկայում տվյալ նյութի օգտակարության գնահատականը, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություններ, եթե այդպիսիք կան, հսկողության նպատակահարմար միջոցների վերաբերյալ:

5. Հանձնաժողովը, նկատի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ներկայացված տեղեկությունները, որի տեսակետները բժշկական և գիտական հարցերում վճռորոշ են համարվում, և, հաշվի առնելով տնտեսական, սոցիալական, իրավական, վարչարարական և այլ գործոնները, որոնք, ըստ իրեն, առնչվում են տվյալ հարցին, կարող է այդ նյութն ընդգրկել 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ցանկի մեջ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար Հանձնաժողովը կարող է դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպություն կամ համապատասխան այլ աղբյուրների:

6. Եթե 1-ին կետով սահմանված ծանուցումը վերաբերում է ցանկերից մեկում արդեն ընդգրկված որևէ նյութի, ապա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հանձնաժողովին ներկայացնում է նոր եզրակացություն, տվյալ նյութի նոր գնահատական, որը նա կարող է տալ 4-րդ կետի դրույթներին համապատասխան, ինչպես նաև նոր առաջարկություններ հսկողության նպատակահարմար միջոցների վերաբերյալ: Հանձնաժողովը, նկատի առնելով 5-րդ կետի դրույթներին համապատասխան Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ուղղված ծանուցումը և հաշվի առնելով նշված կետում թվարկված գործոնները, կարող է որոշում ընդունել ցանկերից որևէ մեկում ներառված նյութը մեկ այլ ցանկ տեղափոխելու կամ այն ընդհանրապես ցանկերից հեռացնելու մասին:

7. Սույն հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից ընդունված ցանկացած որոշման մասին Գլխավոր քարտուղարը ծանուցում է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություն չհանդիսացող սույն Կոնվենցիայի Կողմերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Կոմիտեին: Որոշումը յուրաքանչյուր Կողմի համար ուժի մեջ է մտնում ծանուցման պահից հարյուր ութսուն օր անց, բացառությամբ այն Կողմերի համար, որոնք նշված ժամանակահատվածում ցանկերից մեկում որևէ նյութ ընդգրկելու որոշման առնչությամբ գրավոր ծանուցում են ուղղել Գլխավոր քարտուղարին այն մասին, որ իրենք, նկատի առնելով արտակարգ հանգամանքները, չեն կարող տվյալ նյութի նկատմամբ կիրառել ցանկում ընդգրկված նյութերի նկատմամբ կիրառվող սույն Կոնվենցիայի բոլոր դրույթները: Ծանուցման մեջ նշվում են այդ արտակարգ միջոցի պատճառները: Անկախ ուղղված ծանուցումից, յուրաքանչյուր Կողմ կիրառում է նվազագույնը ստորև թվարկված միջոցները.

ա/ Կողմը, 1-ին ցանկում ընդգրկված` նախկինում չհսկվող նյութի վերաբերյալ ծանուցումն ուղղելով, նկատի է առնում այնչափ, որքանով դա հնարավոր է 7-րդ հոդվածում թվարկված հսկողության հատուկ միջոցների կիրառումը տվյալ նյութի նկատմամբ.

i) պահանջում է արտադրության, վաճառքի և տարածման լիցենզիաների առկայությունը, ինչպես նախատեսված է 8-րդ հոդվածով 2-րդ ցանկում ընդգրկված նյութերի համար,

ii) առաքման և բացթողման համար պահանջում է բժշկի կողմից տրված դեղատոմսի առկայությունը, ինչպես նախատեսված է 9-րդ հոդվածով 2-րդ ցանկում ընդգրկված նյութերի համար,

iii) կատարում է 12-րդ հոդվածով սահմանված` արտահանման ու ներմուծման հետ կապված պարտավորությունները, բացառությամբ տվյալ նյութի վերաբերյալ ծանուցում ուղղած Կողմի նկատմամբ պարտավորությունների,

iv) կատարում է 2-րդ ցանկում ընդգրկված նյութերի վերաբերյալ 13-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները` արտահանման և ներմուծման սահմանափակման և արգելման վերաբերյալ,

v) Կոմիտեին է ներկայացնում վիճակագրական հաշվետվություններ` 16-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան,

vi) 22-րդ հոդվածի համաձայն, միջոցներ է ձեռնարկում ի կատարումն վերը նշված պարտավորությունների ընդունված օրենքներին և որոշումներին հակասող գործողությունների ճնշման համար:

բ/ Կողմը, 2-րդ ցանկում ընդգրկված` նախկինում չհսկվող նյութի վերաբերյալ ծանուցումն ուղղելով, տվյալ նյութի նկատմամբ.

i) պահանջում է արտադրության, վաճառքի և տարածման լիցենզիաների առկայությունը`

8-րդ հոդվածին համապատասխան,

ii) առաքման և բացթողման համար պահանջում է բժշկի կողմից տրված դեղատոմսի առկայությունը` 9-րդ հոդվածին համապատասխան,

iii) կատարում է 12-րդ հոդվածով սահմանված` արտահանման ու ներմուծման հետ կապված պարտավորությունները, բացառությամբ տվյալ նյութի վերաբերյալ ծանուցում ուղղած Կողմի նկատմամբ պարտավորությունների,

iv) կատարում է 13-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները` արտահանման և ներմուծման սահմանափակման և արգելման վերաբերյալ,

v) Կոմիտեին է ներկայացնում վիճակագրական հաշվետվություններ` 16-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «գ» և «դ» ենթակետերին համապատասխան,

vi) 22-րդ հոդվածի համաձայն, միջոցներ է ձեռնարկում ի կատարումն վերը նշված պարտավորությունների ընդունված օրենքներին և որոշումներին հակասող գործողությունների ճնշման համար:

գ/ Կողմը, 3-րդ ցանկում ընդգրկված` նախկինում չհսկվող նյութի վերաբերյալ ծանուցումն ուղղելով, տվյալ նյութի նկատմամբ.

i) պահանջում է արտադրության, վաճառքի և տարածման լիցենզիաների առկայությունը` 8-րդ հոդվածին համապատասխան,

ii) առաքման և բացթողման համար պահանջում է բժշկի կողմից տրված դեղատոմսի առկայությունը` 9-րդ հոդվածին համապատասխան,

iii) կատարում է 12-րդ հոդվածով սահմանված` արտահանման ու ներմուծման հետ կապված պարտավորությունները, բացառությամբ տվյալ նյութի վերաբերյալ ծանուցում ուղղած Կողմի նկատմամբ պարտավորությունների,

iv) կատարում է 13-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները` արտահանման և ներմուծման սահմանափակման և արգելման վերաբերյալ,

v) 22-րդ հոդվածի համաձայն, միջոցներ է ձեռնարկում ի կատարումն վերը նշված պարտավորությունների ընդունված օրենքներին և որոշումներին հակասող գործողությունների ճնշման համար:

դ/ Կողմը, 4-րդ ցանկում ընդգրկված` նախկինում չհսկվող նյութի վերաբերյալ ծանուցումն ուղղելով, տվյալ նյութի նկատմամբ.

i) պահանջում է արտադրության, վաճառքի և տարածման լիցենզիաների առկայությունը` 8-րդ հոդվածին համապատասխան,

ii) կատարում է 13-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները` արտահանման և ներմուծման սահմանափակման և արգելման վերաբերյալ,

iii) 22-րդ հոդվածի համաձայն, միջոցներ է ձեռնարկում ի կատարումն վերը նշված պարտավորությունների ընդունված օրենքներին և որոշումներին հակասող գործողությունների ճնշման համար:

ե/ Կողմը, հսկողության ավելի խիստ միջոցների կիրառում և պարտավորություններ նախատեսող ցանկում ներառված նյութի վերաբերյալ ծանուցումն ուղղելով, տվյալ ցանկի նկատմամբ կիրառում է սույն Կոնվենցիայով նախատեսված առնվազն բոլոր միջոցները, որոնք կիրառվում են այն Ցանկի նկատմամբ, որից տվյալ նյութը տեղափոխվել է:

8. ա/ Սույն հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները ենթակա են Խորհրդի կողմից վերանայման` Կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա, որը նա ուղղում է այդ որոշման մասին հայտնելու պահից հարյուր ութսուն օրվա ընթացքում: Վերանայման մասին դիմումը ուղղվում է Գլխավոր քարտուղարին` գործին վերաբերող բոլոր տեղեկությունների հետ մեկտեղ, որոնց վրա է հիմնվում վերանայման մասին դիմումը:

բ/ Գլխավոր քարտուղարը վերանայման մասին դիմումի պատճենները` գործին առնչվող տեղեկությունների հետ մեկտեղ առաքում է Հանձնաժողովին, Կոմիտեին և բոլոր Կողմերին, նրանց առաջարկելով իրենց նկատողությունները ներկայացնել իննսուն օրվա ընթացքում: Ստացված բոլոր նկատողությունները ներկայացվում են Խորհրդին` քննարկման համար:

գ/ Խորհուրդը կարող է հաստատել, փոփոխել կամ չեղյալ հայտարարել Հանձնաժողովի որոշումը: Խորհրդի որոշման մասին ծանուցագիրն ուղղվում է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություն չհանդիսացող սույն Կոնվենցիայի Կողմերին, Հանձնաժողովին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Կոմիտեին:

դ/ Հանձնաժողովի սկզբնական որոշումն ուժի մեջ է մնում մինչև վերանայման պահը` 7-րդ հոդվածի դրույթների կատարման պայմանով:

9. Կողմերը գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հսկողության իրականացման գործնական միջոցներ ձեռնարկեն այն նյութերի նկատմամբ, որոնք սույն Կոնվենցիայով չեն կարգավորվում, սակայն կարող են օգտագործվել հոգեներգործուն նյութերի ապօրինի արտադրության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։