Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Անկախ Պետությունների Համագործակցություն ստեղծելու մասին

Մենք` Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը (ՌՍԴԽՀ), Ուկրաինան, որպես 1922 թվականի Միութենական պայմանագիրը ստորագրած ԽՍՀ Միության հիմնադիր պետություններ, այսուհետ՝ Բարձր պայմանավորվող կողմեր, փաստում ենք, որ ԽՍՀ Միությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեցնում է իր գոյությունը:

Հիմնվելով մեր ժողովուրդների պատմական ընդհանրության և դրանց միջև գոյացած կապերի վրա,

հաշվի առնելով Բարձր պայմանավորվող կողմերի միջև կնքված երկկողմ պայմանագրերը,

ձգտելով կառուցել ժողովրդավարական, իրավական պետություններ,

մտադրվելով զարգացնել իրենց հարաբերությունները պետական ինքնիշխանության, ինքնորոշման անբաժանելի իրավունքի, իրավահավասարության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների փոխադարձ ճանաչման և հարգման, ուժի գործադրումից, տնտեսական կամ ճնշման ցանկացած այլ մեթոդներից հրաժարվելու, վիճելի հիմնախնդիրները համաձայնեցված միջոցներով կարգավորելու, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի և սկզբունքների հիման վրա,

հաշվի առնելով, որ մեր պետությունների միջև բարեկամական հարաբերությունների, բարիդրացիական և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը համապատասխանում են նրանց ժողովուրդների արմատական ազգային շահերին և ծառայում են անվտանգության ու խաղաղության գործին,

հաստատելով իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության, Հելսինկյան Եզրափակիչ ակտի և Եվրոպայում համագործակցության և անվտանգության վերաբերյալ խորհրդակցության այլ փաստաթղթերի նպատակներին ու սկզբունքներին,

պարտավորվելով պահպանել մարդու և ժողովուրդների իրավունքների վերաբերյալ միջազգային հանրաճանաչ նորմերը,

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

Հ ո դ վ ա ծ 1

Բարձր պայմանավորվող կողմերը ստեղծում են Անկախ Պետությունների Համագործակցություն:

Հ ո դ վ ա ծ 2

Բարձր պայմանավորվող կողմերը երաշխավորում են իրենց քաղաքացիներին, անկախ նրանց ազգությունից կամ այլ տարբերություններից, հավասար իրավունքներ և ազատություններ: Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը երաշխավորում է մյուս Կողմերի քաղաքացիներին, ինչպես նաև իր տարածքում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց, անկախ նրանց ազգային պատկանելությունից կամ այլ տարբերություններից, քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական ու մշակութային իրավունքներ և ազատություններ՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային հանրաճանաչ նորմերին համապատասխան:

Հ ո դ վ ա ծ 3

Բարձր պայմանավորվող կողմերը, ցանկանալով նպաստել իրենց տարածքներում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական ինքնատիպության և ստեղծված եզակի էթնամշակութային տարածաշրջանների արտահայտմանը, պահպանմանը և զարգացմանը, դրանց վերցնում են իրենց պաշտպանության ներքո:

Հ ո դ վ ա ծ 4

Բարձր պայմանավորվող կողմերը կզարգացնեն իրենց պետությունների և ժողովուրդների իրավահավասար և փոխշահավետ համագործակցությունը քաղաքականության, տնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանման, գիտության, առևտրի, հումանիտար և այլ բնագավառներում, կաջակցեն տեղեկության փոխանակմանը, բարեխղճորեն և անշեղորեն կպահպանեն փոխադարձ պարտավորությունները:

Կողմերն անհրաժեշտ են համարում նշված բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրերի կնքումը։

Հ ո դ վ ա ծ 5

Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը: Նրանք երաշխավորում են սահմանների բաց լինելը, քաղաքացիների տեղաշարժման ազատությունը և տեղեկության փոխանցումը համագործակցության շրջանակներում:

Հ ո դ վ ա ծ 6

Համագործակցության մասնակից պետությունները կհամագործակցեն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական ծախսերի և սպառազինությունների կրճատման արդյունավետ միջոցների իրականացման գործում: Նրանք ձգտում են բոլոր միջուկային սպառազինությունների մեկուսացմանը, համընդհանուր և լրիվ զինաթափմանը միջազգային խիստ հսկողության ներքո:

Կողմերը կհարգեն չեզոք պետության և ոչ միջուկային գոտու կարգավիճակի հասնելու միմյանց ձգտումը:

Համագործակցության մասնակից պետությունները կպահեն և կպահպանեն միավորված հրամանատարության ներքո ընդհանուր ռազմաստրատեգիական տարածությունը, ներառյալ միջուկային զենքի նկատմամբ միասնական վերահսկողությունը, որի իրականացման կարգը կարգավորվում է հատուկ համաձայնագրով:

Նրանք նաև համատեղ երաշխավորում են ստրատեգիական զինված ուժերի տեղակայման, գործելու, նյութական և սոցիալական ապահովման անհրաժեշտ պայմաններ: Կողմերը պարտավորվում են անցկացնել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության և կենսաթոշակային ապահովման հարցերով համաձայնեցված քաղաքականություն:

Հ ո դ վ ա ծ 7

Բարձր պայմանավորվող կողմերը ընդունում են, որ Համագործակցության ընդհանուր համակարգող ինստիտուտների միջոցով իրավահավասար հիմքով իրականացվող նրանց համատեղ գործունեության ոլորտին են վերաբերում.

- արտաքին քաղաքական գործունեության համակարգումը,

- համագործակցությունը ընդհանուր տնտեսական տարածության, համաեվրոպական և եվրասիական շուկաների ձևավորման և զարգացման մաքսային քաղաքականության բնագավառներում,

- համագործակցությունը տրանսպորտի և կապի համակարգերի զարգացման բնագավառում,

- համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանման բնագավառում և մասնակցությունը բնապահպանական անվտանգության միջազգային համապարփակ համակարգերի ստեղծմանը,

- միգրացիոն քաղաքականության հարցերը,

- կազմակերպված հանցավորության դեմ պայքարը։

Հ ո դ վ ա ծ 8

Կողմերը գիտակցում են Չեռնոբիլյան աղետի համամարդկային բնույթը և պարտավորվում են միավորել և համակարգել իրենց ուժերը` դրա հետևանքները նվազեցնելու և հաղթահարելու համար:

Այդ նպատակով նրանք պայմանավորվել են կնքել աղետի հետևանքների ծանրությունը հաշվի առնող հատուկ համաձայնագիր:

Հ ո դ վ ա ծ 9

Սույն Համաձայնագրի նորմերի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ վեճերը ենթակա են լուծման համապատասխան մարմինների միջև բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում, պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով:

Հ ո դ վ ա ծ 10

Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում սույն Համաձայնագրի կամ դրա առանձին հոդվածների գործողությունը կասեցնել` այդ մասին Համաձայնագրի մասնակիցներին մեկ տարի առաջ ծանուցելով:

Սույն Համաձայնագրի դրույթները կարող են լրացվել կամ փոփոխվել Բարձր պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Հ ո դ վ ա ծ 11

Սույն Համաձայնագրի ստորագրման պահից այն ստորագրած պետությունների տարածքներում չի թույլատրվում երրորդ պետությունների, այդ թվում նախկին ԽՍՀ Միության, նորմերի կիրառում:

Հ ո դ վ ա ծ 12

Բարձր պայմանավորվող կողմերը երաշխավորում են նախկին ԽՍՀ Միության պայմանագրերից և համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարումը:

Հ ո դ վ ա ծ 13

Սույն Համաձայնագիրը չի շոշափում երրորդ պետությունների նկատմամբ Բարձր պայմանավորվող կողմերի պարտավորությունները:

Սույն Համաձայնագիրը բաց է նախկին ԽՍՀ Միության բոլոր անդամ պետությունների, ինչպես նաև՝ սույն Համաձայնագրի նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների միանալու համար:

Հ ո դ վ ա ծ 14

Համագործակցության համակարգող մարմինների գտնվելու պաշտոնական վայրը Մինսկ քաղաքն է:

Նախկին ԽՍՀ Միության մարմինների գործունեությունը Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում դադարեցվում է:

Կատարված է Մինսկ քաղաքում 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, երեք օրինակից, յուրաքանչյուրը՝ բելառուսերեն, ռուսերեն և ուկրաիներեն, ընդ որում 3 տեքստերն էլ հավասարազոր են:

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 18-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։