Հոդված 23
Հոդված 23
Իրավունակությունը և գործունակությունը
1. Ֆիզիկական անձի գործունակությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է տվյալ անձը:
2. Քաղաքացիություն չունեցող անձի գործունակությունը որոշվում է այն երկրի իրավունքով, որտեղ նա մշտական բնակության վայր ունի:
3. Իրավաբանական անձի իրավունակությունը որոշվում է այն պետության օրենսդրությամբ, որի օրենքներով այն հիմնադրվել է:
Հ ո դ վ ա ծ 24
Սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելը:
Գործունակության վերականգնումը
1. Անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի, իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի քաղաքացին է հանդիսանում տվյալ անձը:
2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող մի կողմի դատարանին հայտնի են դառնում իր տարածքում բնակվող և Պայմանավորվող մյուս կողմի քաղաքացի հանդիսացող անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու հիմքերը, նա այդ մասին տեղեկացնում է այն Պայմանավորվող կողմի դատարանին, որի քաղաքացին է տվյալ անձը:
3. Եթե այն Պայմանավորվող կողմի դատարանը, որը տեղեկացվել է սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու հիմքերի մասին, երեք ամսվա ընթացքում դատաքննություն չի սկսում կամ իր կարծիքը չի հաղորդում, ապա սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը քննում է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում տվյալ քաղաքացին ունի մշտական բնակության վայր: Անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ որոշումն ուղարկվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանին, որի քաղաքացին է տվյալ անձը:
4. Սույն հոդվածի 1-3-րդ կետերի դրույթները կիրառվում են, համապատասխանաբար, նաև գործունակության վերականգնման նկատմամբ:
Հ ո դ վ ա ծ 25
Անհայտ բացակայող ճանաչելը և մահացած հայտարարելը:
Մահվան փաստի հաստատումը
1. Անձին անհայտ բացակայող ճանաչելու կամ մահացած հայտարարելու, ինչպես նաև մահվան փաստը հաստատելու վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի արդարադատության մարմինները, որի քաղաքացին է հանդիսացել տվյալ անձն այն ժամանակ, երբ նա, ըստ վերջին տվյալների, ողջ է եղել, իսկ այլ անձանց նկատմամբ՝ անձի վերջին բնակության վայրի արդարադատության մարմինները:
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի արդարադատության մարմինները կարող են մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացուն և նրա տարածքում բնակվող այլ անձի ճանաչել անհայտ բացակայող կամ մահացած, ինչպես նաև հաստատել նրա մահվան փաստը՝ տվյալ կողմի տարածքում բնակվող շահագրգիռ անձանց միջնորդությամբ, որոնց իրավունքներն ու շահերը հիմնված են այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության վրա:
3. Անձին անհայտ բացակայող ճանաչելու կամ մահացած հայտարարելու, ինչպես նաև մահվան փաստը հաստատելու վերաբերյալ գործերը քննության առնելիս Պայմանավորվող կողմերի արդարադատության մարմինները կիրառում են իրենց պետության օրենսդրությունը:
Մ ա ս 3
Ընտանեկան գործերը
Հ ո դ վ ա ծ 26
Ամուսնադրություն
Ապագա ամուսիններից յուրաքանչյուրի համար ամուսնադրության պայմանները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է նա, իսկ քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որը նրանց մշտական բնակության վայրն է: Բացի այդ, ամուսնադրության արգելքների առնչությամբ պետք է պահպանվեն այն Պայմանավորվող կողմի օրենսդրության պահանջները, որի տարածքում կնքվում է ամուսնությունը:
Հ ո դ վ ա ծ 27
Ամուսինների իրավահարաբերությունները
1. Ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր:
2. Եթե ամուսիններից մեկը բնակվում է մի Պայմանավորվող կողմի, իսկ երկրորդը՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և, ընդսմին, երկու ամուսիններն էլ ունեն միևնույն քաղաքացիությունը, ապա նրանց անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացիներն են նրանք:
3. Եթե ամուսինները երկու տարբեր Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ են, և նրանցից մեկը բնակվում է մի, երկրորդը՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա նրանց անձնական ու գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեցել են իրենց վերջին համատեղ բնակության վայրը:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված անձինք Պայմանավորվող կողմերի տարածքներում չեն ունեցել համատեղ բնակության վայր, ապա կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի մարմինը քննում է գործը:
5. Ամուսինների՝ անշարժ գույքին վերաբերող իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է այդ գույքը:
6. Ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի մարմինները, որոնց օրենսդրությունը ենթակա է կիրառման սույն հոդվածի 1-3 և 5-րդ կետերին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 28
Ամուսնալուծությունը
1. Ամուսնալուծության վերաբերյալ գործերով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի քաղաքացիներն են ամուսինները դիմումը ներկայացնելու պահին:
2. Եթե ամուսիններից մեկը մի, իսկ երկրորդը՝ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի է, ապա կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի մարմինը քննում է ամուսնալուծության գործը:
Հ ո դ վ ա ծ 29
Պայմանավորվող կողմերի մարմինների իրավասությունը
1. 28-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի մարմինները, որի քաղաքացիներն են ամուսինները դիմումը ներկայացնելու պահին: Եթե դիմումը ներկայացնելու պահին երկու ամուսինները բնակվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա իրավասու են նաև այդ Պայմանավորվող կողմի մարմինները:
2. 28-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի մարմինները, որի տարածքում ապրում են երկու ամուսինները: Եթե ամուսիններից մեկը բնակվում է մի, իսկ երկրորդը՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են երկու Պայմանավորվող կողմերի մարմինները, որոնց տարածքներում բնակվում են ամուսինները:
Հ ո դ վ ա ծ 30
Ամուսնության անվավեր ճանաչումը
1. Ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որը, 26-րդ հոդվածին համապատասխան, կիրառվել է ամուսնադրության ժամանակ:
2. Ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերով մարմինների իրավասությունը որոշվում է 27-րդ հոդվածին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 31
Հայրության կամ մայրության ճանաչումն ու վիճարկումը
Հայրության կամ մայրության ճանաչումն ու վիճարկումը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է երեխան ծնունդով:
Հ ո դ վ ա ծ 32
Ծնողների և երեխաների իրավահարաբերությունները
1. Ծնողների և երեխաների իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում մշտապես բնակվում են երեխաները:
2. Չափահաս երեխաներից ալիմենտներ գանձելու գործերով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի տարածքում ալիմենտ ստանալ հավակնող անձն ունի մշտական բնակության վայր:
3. Ծնողների և երեխաների միջև իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի օրենսդրությունը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան ենթակա է կիրառման:
Հ ո դ վ ա ծ 33
Խնամակալությունը և հոգաբարձությունը
1. Խնամակալություն և հոգաբարձություն սահմանելը կամ դադարեցնելը կատարվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է անձը, որի նկատմամբ սահմանվում կամ դադարեցվում է խնամակալությունը կամ հոգաբարձությունը:
2. Խնամակալի կամ հոգաբարձուի և խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի միջև իրավահարաբերությունները կարգավորվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի մարմինը նշանակել է խնամակալին կամ հոգաբարձուին:
3. Խնամակալությունը կամ հոգաբարձությունն ստանձնելու պարտականությունը սահմանվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է խնամակալ կամ հոգաբարձու նշանակվող անձը:
4. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացի հանդիսացող անձի խնամակալ կամ հոգաբարձու կարող է նշանակվել մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացին, եթե բնակվում է այն կողմի տարածքում, որտեղ նա պետք է իրականացնի խնամակալությունը կամ հոգաբարձությունը:
Հ ո դ վ ա ծ 34
Պայմանավորվող կողմերի մարմինների իրավասությունը խնամակալության և հոգաբարձության հարցերով
Խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու կամ դադարեցնելու գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի մարմինները, որի քաղաքացին է այն անձը, որի նկատմամբ սահմանվում կամ դադարեցվում է խնամակալությունը կամ հոգաբարձությունը, եթե սույն Կոնվենցիայով այլ բան սահմանված չէ:
Հ ո դ վ ա ծ 35
Խնամակալության և հոգաբարձության հարցերով միջոցներ ձեռնարկելու կարգը
1. Խնամակալության և հոգաբարձության հարցերով միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում, ելնելով մի Պայմանավորվող կողմի քաղաքացու շահերից, որի մշտական բնակության վայրը, գտնվելու վայրը կամ գույքը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, վերոնշյալ Պայմանավորվող կողմի մարմինն անհապաղ ծանուցում է 34-րդ հոդվածին համապատասխան իրավասու մարմնին:
2. Անհետաձգելի դեպքերում մյուս Պայմանավորվող կողմի մարմինը կարող է ինքը ձեռնարկել անհրաժեշտ ժամանակավոր միջոցներ՝ իր օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նա պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել 34-րդ հոդվածին համապատասխան իրավասու մարմնին: Այդ միջոցները պահպանում են ուժը՝ մինչև 34-րդ հոդվածում նշված մարմնի կողմից այլ որոշման ընդունումը:
Հ ո դ վ ա ծ 36
Խնամակալության կամ հոգաբարձության փոխանցման կարգը
1. 34-րդ հոդվածին համապատասխան իրավասու մարմինը կարող է խնամակալությունը կամ հոգաբարձությունը փոխանցել մյուս Պայմանավորվող կողմի մարմնին այն դեպքում, եթե խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձն այդ Պայմանավորվող կողմի տարածքում ունի բնակության վայր, գտնվելու վայր կամ գույք: Խնամակալության կամ հոգաբարձության փոխանցումն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ հարցվող մարմինն ինքն է ստանձնում խնամակալությունը կամ հոգաբարձությունը և այդ մասին ծանուցում է հարցնող մարմնին:
2. Հիմնարկը, որը, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ինքն է ստանձնել խնամակալությունը կամ հոգաբարձությունը, դրանք իրականացնում է իր պետության օրենսդրությանը համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 37
Որդեգրումը
1. Որդեգրումը կամ դրա վերացումը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է որդեգրողը որդեգրման կամ այն վերացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին:
2. Եթե երեխան մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի է, ապա որդեգրման կամ դրա վերացման դեպքում անհրաժեշտ է ստանալ օրինական ներկայացուցչի և պետական իրավասու մարմնի համաձայնությունը, ինչպես նաև երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է նա:
3. Եթե երեխային որդեգրում են ամուսիններ, որոնցից մեկը մի, իսկ երկրորդը՝ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի է, ապա որդեգրումը կամ դրա վերացումը պետք է կատարվեն երկու Պայմանավորվող կողմերի օրենսդրություններով նախատեսված պայմաններին համապատասխան:
4. Որդեգրման կամ դրա վերացման գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի մարմինը, որի քաղաքացին է որդեգրողը որդեգրման կամ այն վերացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին, իսկ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում իրավասու է այն Պայմանավորվող կողմի մարմինը, որի տարածքում ամուսիններն ունեն կամ ունեցել են վերջին համատեղ բնակության կամ գտնվելու վայրը:
Մ ա ս 4
Գույքային իրավահարաբերությունները
Հ ո դ վ ա ծ 38
Սեփականության իրավունքը
1. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում է գտնվում անշարժ գույքը: Այն հարցը, թե որ գույքն է համարվում անշարժ, որոշվում է այն երկրի օրենսդրությամբ, որի տարածքում է գտնվում այդ գույքը:
2. Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում է գտնվում տրանսպորտային միջոցի գրանցումն իրականացնող մարմինը:
3. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ գույքային այլ իրավունքի ծագումն ու դադարումը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գույքը գտնվել է նման իրավունքի ծագման կամ դադարման համար հիմք ծառայած գործողության կամ այլ հանգամանքի տեղի ունենալու պահին:
4. Գործարքի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ գույքային այլ իրավունքի ծագումն ու դադարումը որոշվում է գործարքի կատարման վայրի օրենսդրությամբ, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
Հ ո դ վ ա ծ 39
Գործարքի ձևը
1. Գործարքի ձևը որոշվում է նրա կատարման վայրի օրենսդրությամբ:
2. Անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների առիթով գործարքի ձևը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում է գտնվում այդ գույքը:
Հ ո դ վ ա ծ 40
Լիազորագիրը
Լիազորագրի ձևը և գործողության ժամկետը որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում տրվել է լիազորագիրը:
Հ ո դ վ ա ծ 41
Գործարքի կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Գործարքի կողմերի իրավունքներն ու պարտականությունները որոշվում են գործարքի կնքման վայրի օրենսդրությամբ, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
Հ ո դ վ ա ծ 42
Վնասի հատուցում
1. Վնասի հատուցման վերաբերյալ պարտավորությունները, բացի պայմանագրերից և այլ օրինաչափ գործողություններից բխող պարտավորություններից, որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում տեղի է ունեցել վնասի հատուցման վերաբերյալ պահանջի համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանք:
2. Եթե վնաս պատճառողն ու տուժողը միևնույն Պայմանավորվող կողմի քաղաքացիներ են, կիրառվում է այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությունը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում տեղի է ունեցել վնասի հատուցման վերաբերյալ պահանջի համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանք: Տուժողը կարող է հայցը ներկայացնել նաև այն Պայմանավորվող կողմի դատարան, որի տարածքում բնակության վայր ունի պատասխանողը:
Հ ո դ վ ա ծ 43
Հայցային վաղեմություն
Հայցային վաղեմության հարցերը լուծվում են ըստ այն օրենսդրության, որը կիրառվում է համապատասխան իրավահարաբերության կարգավորման համար:
Մ ա ս 5
Ժառանգումը
Հ ո դ վ ա ծ 44
Հավասարության սկզբունքը
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները կարող են այլ Պայմանավորվող կողմերի տարածքներում օրենքով կամ կտակով ժառանգել գույք կամ իրավունքներ՝ հավասար պայմաններով և նույն ծավալով, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները:
Հ ո դ վ ա ծ 45
Ժառանգման իրավունքը
1. Գույքի ժառանգման իրավունքը, բացի սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքից, որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում ժառանգատուն ունեցել է վերջին մշտական բնակության վայրը:
2. Անշարժ գույքի ժառանգման իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում է գտնվում այդ գույքը:
Հ ո դ վ ա ծ 46
Ժառանգության անցումը պետությանը
Եթե Պայմանավորվող կողմի՝ ժառանգման դեպքում կիրառման ենթակա օրենսդրությամբ ժառանգ է հանդիսանում պետությունը, ապա ժառանգվող շարժական գույքն անցնում է այն Պայմանավորվող կողմին, որի քաղաքացին է ժառանգատուն մահվան պահին, իսկ ժառանգվող անշարժ գույքն անցնում է այն Պայմանավորվող կողմին, որի տարածքում գտնվում է այդ գույքը:
Հ ո դ վ ա ծ 47
Կտակը
Անձի՝ կտակ կազմելու և վերացնելու ունակությունը, ինչպես նաև կտակի և դրա վերացման ձևը որոշվում են այն երկրի իրավունքով, որտեղ կտակարարը բնակության վայր է ունեցել կտակը կազմելիս: Սակայն կտակը կամ այն վերացնելը չեն կարող անվավեր ճանաչվել ձևը չպահպանելու պատճառով, եթե այդ ձևը բավարարում է կտակը կազմելու վայրի իրավունքի պահանջները:
Հ ո դ վ ա ծ 48
Ժառանգության վերաբերյալ գործերով իրավասությունը
1. Շարժական գույքի ժառանգման վերաբերյալ գործերով դատավարությունն իրավասու են վարել այն Պայմանավորվող կողմի մարմինները, որի տարածքում ժառանգատուն մահվան պահին բնակության վայր է ունեցել:
2. Անշարժ գույքի ժառանգման վերաբերյալ գործերով դատավարություն իրավասու են վարել այն Պայմանավորվող կողմի մարմինները, որի տարածքում գտնվում է գույքը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև այն վեճերի լուծման դեպքում, որոնք ծագում են ժառանգության վերաբերյալ գործերով դատավարության կապակցությամբ:
Հ ո դ վ ա ծ 49
Ժառանգության վերաբերյալ գործերով դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական մարմինների իրավասությունները
Ժառանգման, այդ թվում՝ ժառանգմանն առնչվող վեճերի վերաբերյալ գործերով Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական մարմիններն իրավասու են, առանց հատուկ լիազորագրի, մյուս Պայմանավորվող կողմերի մարմիններում ներկայացնելու (բացառությամբ ժառանգությունից հրաժարվելու իրավունքի) իրենց պետության քաղաքացիներին, եթե նրանք բացակայում են կամ ներկայացուցիչ չեն նշանակել:
Հ ո դ վ ա ծ 50
Ժառանգության պահպանության միջոցները
1. Պայմանավորվող կողմերի մարմիններն իրենց օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այլ Պայմանավորվող կողմերի քաղաքացիների կողմից իրենց տարածքներում թողած ժառանգության պահպանությունն ապահովելու կամ այն կառավարելու համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ձեռնարկված միջոցների մասին անհապաղ տեղեկացվում է այն Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական մարմինը, որի քաղաքացին է ժառանգատուն: Նշված ներկայացուցչությունը կամ մարմինը կարող է մասնակցել այդ միջոցների իրականացմանը:
3. Ժառանգման վերաբերյալ գործերով սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ձեռնարկված միջոցներն իրավասու արդարադատության մարմնի, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական մարմնի միջնորդությամբ կարող են փոփոխվել, չեղյալ հայտարարվել կամ հետաձգվել:
Բ ա ժ ի ն 3
Որոշումների ճանաչումը և կատարումը
Հ ո դ վ ա ծ 51
Որոշումների ճանաչումը և կատարումը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններով, ճանաչում և կատարում է այլ Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունված հետևյալ որոշումները՝
ա) քաղաքացիական և ընտանեկան գործերով արդարադատության մարմինների որոշումները, ներառյալ՝ նման գործերով դատարանի հաստատած հաշտության համաձայնագրերն ու դրամական պարտավորությունների վերաբերյալ նոտարական ակտերը (այսուհետ՝ որոշումներ),
բ) վնասի հատուցման վերաբերյալ քրեական գործերով դատարանների որոշումները:
Հ ո դ վ ա ծ 52
Կատարում չպահանջող որոշումների ճանաչումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի արդարադատության մարմնի կայացրած և օրինական ուժի մեջ մտած, իրենց բնույթով կատարում չպահանջող որոշումները ճանաչվում են այլ Պայմանավորվող կողմերի տարածքներում առանց հատուկ վարույթի, պայմանով, որ՝
ա) հարցվող Պայմանավորվող կողմի արդարադատության մարմիններն այդ գործով ավելի վաղ չեն կայացրել որոշում, որն օրինական ուժի մեջ է մտել,
բ) գործը, սույն Կոնվենցիայի համաձայն, իսկ դրանով չնախատեսված դեպքերում՝ այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում պետք է ճանաչվի որոշումը, չի պատկանում այդ Պայմանավորվող կողմի արդարադատության մարմինների բացառիկ իրավասությանը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները վերաբերում են նաև խնամակալության և հոգաբարձության որոշումներին, ինչպես նաև ամուսնալուծության վերաբերյալ որոշումներին, որոնք կայացրել են այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն իրավասու մարմինները, որի տարածքում կայացվել է այդ որոշումը:
Հ ո դ վ ա ծ 53
Որոշման հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունը
1. Որոշման հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունը ներկայացվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարան, որտեղ որոշումը ենթակա է կատարման: Միջնորդությունը կարող է ներկայացվել նաև այն դատարան, որը գործով որոշում է կայացրել առաջին ատյանում: Այդ դատարանը միջնորդությունն ուղարկում է տվյալ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու իրավասու դատարանին:
2. Միջնորդությանը կցվում են՝
ա) որոշումը կամ դրա հաստատված պատճենը, ինչպես նաև պաշտոնական փաստաթուղթ առ այն, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտել և ենթակա է կատարման, կամ այն մասին, որ որոշումը ենթակա է կատարման մինչև օրինական ուժի մեջ մտնելը, եթե դա նրանից իսկ չի բխում,
բ) փաստաթուղթ, որից հետևում է, որ դատավարությանը չմասնակցած կողմը, որի դեմ ընդունվել է որոշումը, պատշաճ կարգով և ժամանակին կանչվել է դատարան, իսկ նրա դատավարական անգործունակության դեպքում՝ պատշաճ ձևով ներկայացված է եղել,
գ) փաստաթուղթ, որը հաստատում է որոշման ուղարկման պահին նրա մասնակի կատարումը,
դ) փաստաթուղթ, որը հաստատում է կողմերի համաձայնությունը պայմանագրային ընդդատության գործերով:
3. Որոշման հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունը և նրան կցված փաստաթղթերը լրացվում են հարցվող Պայմանավորվող կողմի լեզվով կամ ռուսաց լեզվով կատարված և հաստատված թարգմանությամբ:
Հ ո դ վ ա ծ 54
Որոշումների ճանաչման և հարկադիր կատարման կարգը
1. 51-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչման և հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունները քննվում են այն Պայմանավորվող կողմի դատարաններում, որի տարածքում պետք է իրականացվի հարկադիր կատարումը:
2. Որոշումների ճանաչման և հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունները քննող դատարանը սահմանափակվում է պարզելով, որ պահպանված են սույն Կոնվենցիայով նախատեսված պայմանները: Եթե այդ պայմանները պահպանված են, դատարանը որոշում է կայացնում հարկադիր կատարման մասին:
3. Հարկադիր կատարման կարգը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում պետք է իրականացվի հարկադիր կատարումը:
Հ ո դ վ ա ծ 55
Որոշումների ճանաչման և կատարման մերժումը
52-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչումը և հարկադիր կատարման թույլտվությունը կարող են մերժվել, եթե՝
ա) այն Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում կայացվել է որոշումը, վերջինս օրինական ուժի մեջ չի մտել կամ ենթակա չէ կատարման, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումը ենթակա է կատարման մինչև օրինական ուժի մեջ մտնելը,
բ) պատասխանողը չի մասնակցել դատավարությանն այն պատճառով, որ նրան կամ նրա կողմից լիազորված անձին պատշաճ ձևով և ժամանակին չի հանձնվել դատարան ներկայանալու մասին ծանուցագիրը,
գ) այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ պետք է ճանաչվի և կատարվի որոշումը, միևնույն կողմերի միջև, միևնույն առարկայի մասին և միևնույն հիմքերով գործով ավելի վաղ ընդունվել է օրինական ուժի մեջ մտած որոշում կամ առկա է երրորդ պետության դատարանի ճանաչված որոշումը, կամ էլ եթե այդ Պայմանավորվող կողմի մարմինն այդ գործով քննություն է սկել ավելի վաղ,
դ) գործը, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, իսկ նրանով չնախատեսված դեպքերում՝ այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի և կատարվի, պատկանում է այդ կողմի մարմնի բացառիկ իրավասությանը,
ե) բացակայում է պայմանագրային ընդդատության գործով կողմերի համաձայնությունը հաստատող փաստաթուղթը,
զ) լրացել է հարկադիր կատարման վաղեմության ժամկետը՝ նախատեսված այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի դատարանը կատարում է հանձնարարությունները:
Բ ա ժ ի ն 4
Քրեական գործերով իրավական օգնությունը
Մ ա ս 1
Հանձնում