Անցնել բովանդակությանը

Հոդված 56

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 56

Հանձնման պարտավորությունը

1. Պայմանավորվող կողմերը, սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններին համապատասխան, պարտավորվում են պահանջի դեպքում միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց՝ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար:

2. Քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնումը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք հարցնող և հարցվող Պայմանավորվող կողմերի օրենքներով համարվում են պատժելի, և որոնց կատարման համար նախատեսվում է պատիժ 1 տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման ձևով կամ ավելի խիստ պատիժ:

3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնումը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք հարցնող և հարցվող Պայմանավորվող կողմերի օրենքներով համարվում են պատժելի, և որոնց կատարման համար անձը, որի հանձնումը պահանջվում է, դատապարտվել է 6 ամսից ոչ պակաս ժամկետով ազատազրկման կամ ավելի խիստ պատժի:

Հ ո դ վ ա ծ 57

Հանձնելուց հրաժարվելը

1. Հանձնումը չի կատարվում, եթե՝

ա) անձը, որի հանձնումը պահանջվում է, հարցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի է,

բ) պահանջն ստանալու պահին, հարցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, քրեական հետապնդում չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքով,

գ) անձի նկատմամբ, որի հանձնումը պահանջվում է, հարցվող Պայմանավորվող կողմի տարածքում նույն հանցագործության համար կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ գործով վարույթը կարճելու մասին որոշում,

դ) հանցագործությունը, հարցնող կամ հարցվող Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը համապատասխան, հետապնդվում է մասնավոր մեղադրանքի կարգով (ըստ տուժողի դիմումի):

2. Հանձնումը կարող է մերժվել, եթե հանցագործությունը, որի առիթով հանձնումը պահանջվում է, կատարվել է հարցվող Պայմանավորվող կողմի տարածքում:

3. Հանձնումը մերժելու դեպքում հարցնող Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացվի մերժման հիմքերի մասին:

Հ ո դ վ ա ծ 58

Հանձնելու մասին պահանջը

1. Հանձնելու մասին պահանջը պետք է բովանդակի՝

ա) հարցվող մարմնի անվանումը,

բ) արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը և հարցնող Պայմանավորվող կողմի այն օրենքի տեքստը, որի հիման վրա տվյալ արարքը ճանաչվում է հանցագործություն,

գ) հանձնման ենթակա անձի ազգանունը, անունը, հայրանունը, քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը, հնարավորության դեպքում՝ արտաքին նկարագրությունը և նրա մասին այլ տեղեկություններ,

դ) տվյալներ հանցագործության պատճառած վնասի չափի մասին:

2. Քրեական հետապնդում իրականացնելու համար հանձնելու մասին պահանջին պետք է կցված լինի կալանքի վերցնելու մասին որոշման հաստատված պատճենը:

3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնելու մասին պահանջին պետք է կցված լինեն դատավճռի հաստատված պատճենը՝ նրա օրինական ուժի մեջ մտնելու մասին նշումով, և քրեական օրենքի այն դրույթի տեքստը, որի հիման վրա անձը դատապարտվել է: Եթե դատապարտյալն արդեն կրել է պատժի մի մասը, տվյալներ են հաղորդվում նաև այդ մասին:

4. Հանձնելու մասին պահանջը և դրան կցված փաստաթղթերը կազմվում են 17-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

Հ ո դ վ ա ծ 59

Լրացուցիչ տեղեկությունները

1. Եթե հանձնելու մասին պահանջը չի պարունակում բոլոր անհրաժեշտ տվյալները, ապա հարցվող Պայմանավորվող կողմը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, ինչի համար սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետը, հարցնող Պայմանավորվող կողմի միջնորդությամբ, կարող է երկարաձգվել ևս մինչև 1 ամսով:

2. Եթե հարցնող Պայմանավորվող կողմը սահմանված ժամկետում չի ներկայացնում լրացուցիչ տեղեկություններ, ապա հարցվող Պայմանավորվող կողմը պետք է ազատի կալանքի վերցված անձին:

Հ ո դ վ ա ծ 60

Հանձնման համար կալանքի վերցնելը

Պահանջն ստանալուն պես, հարցվող Պայմանավորվող կողմն անհապաղ միջոցներ է ձեռնարկում այն անձին կալանքի վերցնելու ուղղությամբ, որի հանձնումը պահանջվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնումը չի կարող կատարվել:

Հ ո դ վ ա ծ 61

Կալանքի վերցնելը կամ ձերբակալումը՝ նախքան հանձնելու մասին պահանջն ստանալը

1. Անձը, որի հանձնումը պահանջվում է, միջնորդությամբ կարող է կալանքի վերցվել նաև նախքան հանձնելու մասին պահանջն ստանալը: Միջնորդությունը պետք է բովանդակի հղում կալանքի վերցնելու մասին որոշմանը կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռին և նշում այն մասին, որ հանձնելու մասին պահանջը կներկայացվի լրացուցիչ: Նախքան հանձնելու մասին պահանջն ստանալը՝ կալանքի վերցնելու մասին միջնորդությունը կարող է հանձնվել փոստով, հեռագրով, տելեքսով կամ տելեֆաքսով:

2. Անձը կարող է ձերբակալվել նաև առանց սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջնորդության, եթե օրենսդրությամբ նախատեսված հիմքեր կան կասկածելու, որ նա այլ Պայմանավորվող կողմի տարածքում կատարել է հանձնման հանգեցնող հանցանք:

3. Նախքան հանձնելու մասին պահանջն ստանալը՝ կալանքի վերցնելու կամ ձերբակալելու մասին անհրաժեշտ է անհապաղ ծանուցել մյուս Պայմանավորվող կողմին:

Հ ո դ վ ա ծ 62

Կալանքի վերցված կամ ձերբակալված անձին ազատելը

1. 61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն կալանքի վերցված անձը պետք է ազատվի, եթե նրա հանձնման մասին պահանջը չստացվի կալանքի վերցնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2. 61-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ձերբակալված անձը պետք է ազատվի, եթե նրան հանձնելու մասին պահանջը չստացվի այն ժամկետի ընթացքում, որն օրենսդրությամբ նախատեսված է ձերբակալության համար:

Հ ո դ վ ա ծ 63

Հանձնումը հետաձգելը

Եթե անձը, որի հանձնումը պահանջվում է, ենթարկվել է քրեական պատասխանատվության կամ դատապարտվել է հարցվող Պայմանավորվող կողմի տարածքում կատարած այլ հանցագործության համար, ապա նրան հանձնելը կարող է հետաձգվել մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը, դատավճիռն ի կատար ածելը կամ պատժից ազատելը:

Հ ո դ վ ա ծ 64

Ժամանակավորապես հանձնելը

1. Եթե 63-րդ հոդվածով նախատեսված հանձնման հետաձգումը կարող է հանգեցնել քրեական հետապնդման վաղեմության ժամկետն անցնելուն կամ վնաս պատճառել քննությանը, անձը, որի հանձնումը պահանջվում է, միջնորդությամբ կարող է հանձնվել ժամանակավորապես:

2. Ժամանակավոր հանձնված անձը պետք է վերադարձվի քրեական գործով այն գործողության կատարումից հետո, որի համար նա հանձնվել էր, բայց ոչ ուշ, քան հանձնելու օրվանից 3 ամսվա ընթացքում: Հիմնավորված դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել:

Հ ո դ վ ա ծ 65

Հանձնելու մասին պահանջների կոլիզիան

Եթե հանձնելու մասին պահանջն ստացվում է մի քանի պետություններից, ապա հարցվող Պայմանավորվող կողմն ինքն է որոշում, թե այդ պահանջներից որը պետք է բավարարվի:

Հ ո դ վ ա ծ 66

Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները

1. Առանց հարցվող Պայմանավորվող կողմի համաձայնության՝ հանձնված անձին չի կարելի քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկել մինչև հանձնելը նրա կատարած այն հանցագործության համար, որի կապակցությամբ նա չի հանձնվել:

2. Առանց հարցվող Պայմանավորվող կողմի համաձայնության՝ անձը չի կարող հանձնվել նաև երրորդ պետության:

3. Հարցվող Պայմանավորվող կողմի համաձայնությունը չի պահանջվում, եթե հանձնված անձը քրեական դատավարության ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ դատապարտվելու դեպքում՝ պատիժը կրելուց կամ ազատվելուց հետո մեկ ամսվա ընթացքում չի լքում հարցվող Պայմանավորվող կողմի տարածքը կամ եթե ինքնակամ վերադառնում է այնտեղ: Այս ժամկետի մեջ չի հաշվվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը հարցնող Պայմանավորվող կողմի տարածքը չի կարողանում լքել ոչ իր մեղքով:

Հ ո դ վ ա ծ 67

Հանձնման ենթակա անձին փոխանցելը

Հարցվող Պայմանավորվող կողմը հարցնող Պայմանավորվող կողմին տեղյակ է պահում հանձնման վայրի և ժամանակի մասին: Եթե հարցնող Պայմանավորվող կողմը հանձնման ենթակա անձին չի ընդունում հանձնման նշանակած ամսաթվին հաջորդող 15 օրվա ընթացքում, այդ անձը պետք է ազատվի կալանքից:

Հ ո դ վ ա ծ 68

Կրկնակի հանձնումը

Եթե հանձնված անձը խուսափում է քրեական հետապնդումից կամ պատիժը կրելուց և վերադառնում է հարցվող Պայմանավորվող կողմի տարածք, ապա նոր պահանջով նա պետք է հանձնվի՝ առանց 58 և 59-րդ հոդվածներում նշված նյութերը ներկայացնելու:

Հ ո դ վ ա ծ 69

Քրեական գործով դատավարության արդյունքների մասին ծանուցելը

Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են իրենց հանձնված անձի դեմ քրեական գործով դատավարության արդյունքների մասին: Խնդրանքի դեպքում ուղարկվում է նաև վերջնական որոշման պատճենը:

Հ ո դ վ ա ծ 70

Տարանցիկ փոխադրումը

1. Պայմանավորվող կողմը, մյուս Պայմանավորվող կողմի միջնորդությամբ, թույլատրում է երրորդ պետության կողմից մյուս Պայմանավորվող կողմին հանձնված անձանց տարանցիկ փոխադրումն իր տարածքով:

2. Նման փոխադրման թույլատրության մասին միջնորդությունը քննվում է նույն կարգով, ինչ հանձնման մասին պահանջը:

3. Հարցվող Պայմանավորվող կողմը թույլատրում է տարանցիկ փոխադրման այն եղանակը, որն առավել նպատակահարմար է գտնում:

Հ ո դ վ ա ծ 71

Հանձնման և տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը

Հանձնելու հետ կապված ծախսերը հոգում է այն Պայմանավորվող կողմը, որի տարածքում դրանք ծագել են, իսկ տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը՝ այն Պայմանավորվող կողմը, որը դիմել է նման փոխադրման մասին միջնորդությամբ:

Մ ա ս 2

Քրեական հետապնդման իրականացումը

Հ ո դ վ ա ծ 72

Քրեական հետապնդում իրականացնելու պարտավորությունը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է մյուս Պայմանավորվող կողմի հանձնարարությամբ, իր օրենսդրությանը համապատասխան, քրեական հետապնդում իրականացնել սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնք կասկածվում են հարցնող Պայմանավորվող կողմի տարածքում հանցագործություն կատարելու մեջ:

2. Եթե հանցագործությունը, որի կապակցությամբ հարուցված է գործ, առաջ է բերում հանցագործությունից վնաս կրած անձանց քաղաքացիաիրավական պահանջներ, վնասը հատուցելու մասին նրանց միջնորդության առկայության դեպքում դրանք քննվում են տվյալ գործի վարույթում:

Հ ո դ վ ա ծ 73

Քրեական հետապնդում իրականացնելու մասին հանձնարարությունը

1. Քրեական հետապնդում իրականացնելու մասին հանձնարարությունը պետք է բովանդակի՝

ա) հարցնող մարմնի անվանումը,

բ) այն արարքի նկարագրությունը, որի առնչությամբ ուղարկված է հետապնդում իրականացնելու մասին հանձնարարությունը,

գ) արարքի կատարման ժամանակի և տեղի մասին հնարավորինս ստույգ նշումներ,

դ) հարցնող Պայմանավորվող կողմի այն օրենքի դրույթի տեքստը, որի հիման վրա արարքը ճանաչվում է հանցագործություն, ինչպես նաև գործի վարույթի համար էական նշանակություն ունեցող օրենսդրական այլ նորմերի տեքստերը,

ե) կասկածվող անձի ազգանունն ու անունը, քաղաքացիությունը, ինչպես նաև նրա մասին այլ տվյալներ,

զ) տուժողի դիմումի հիման վրա հարուցվող քրեական գործերով տուժողների հայտարարությունները և վնասի հատուցման մասին հայտարարությունները,

է) հանցագործությամբ պատճառված վնասի չափը:

Հանձնարարությանը կցվում են հարցնող Պայմանավորվող կողմի տրամադրության տակ եղած քրեական հետապնդման նյութերը, ինչպես նաև ապացույցները:

2. Հարցնող Պայմանավորվող կողմի հարուցած քրեական գործն ուղարկելիս, այդ գործով քննությունը հարցվող Պայմանավորվող կողմը շարունակում է իր օրենսդրությանը համապատասխան: Գործում առկա յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է հաստատված լինի հարցնող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության մարմնի զինանշանային կնիքով:

3. Հանձնարարությունը և նրան կցված փաստաթղթերը կազմվում են 18-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

4. Եթե հետապնդում իրականացնելու մասին հանձնարարությունն ուղարկելու պահին մեղադրվողը գտնվում է կալանքի տակ հարցնող Պայմանավորվող կողմի տարածքում, ապա նա բերման է ենթարկվում հարցվող Պայմանավորվող կողմի տարածք:

Հ ո դ վ ա ծ 74

Քրեական հետապնդման արդյունքների մասին ծանուցելը

Հարցվող Պայմանավորվող կողմը պարտավոր է հարցնող Պայմանավորվող կողմին ծանուցել վերջնական որոշման մասին: Հարցնող Պայմանավորվող կողմի խնդրանքով ուղարկվում է վերջնական որոշման պատճենը:

Հ ո դ վ ա ծ 75

Որոշում ընդունելու հետևանքները

Եթե Պայմանավորվող կողմին, 72-րդ հոդվածին համապատասխան, ուղարկված է եղել քրեական հետապնդում իրականացնելու հանձնարարություն այն բանից հետո, երբ դատավճիռը կամ հարցվող Պայմանավորվող կողմի մարմնի ընդունած այլ վերջնական որոշումն ուժի մեջ է մտել, ապա քրեական գործը չեն կարող հարուցել հարցնող Պայմանավորվող կողմի մարմինները, իսկ նրանց հարուցած գործը ենթակա է կարճման:

Հ ո դ վ ա ծ 76

Պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հանցագործությունների հետաքննության և դատարանների կողմից քրեական գործերի քննության ժամանակ հաշվի է առնում պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող՝ Պայմանավորվող կողմերի օրենսդրություններով նախատեսված հանգամանքները, անկախ այն բանից, թե որ Պայմանավորվող կողմի տարածքում են դրանք ծագել:

Հ ո դ վ ա ծ 77

Երկու կամ մի քանի Պայմանավորվող կողմերի դատարաններին ընդդատյա գործերի քննության կարգը

Մեկ կամ մի խումբ անձանց մի քանի այնպիսի հանցագործությունների կատարման մեջ մեղադրելիս, որոնց վերաբերյալ գործերն ընդդատյա են երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի դատարաններին, դրանք քննելու համար իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում ավարտվել է նախնական քննությունը: Նման դեպքում գործը քննվում է այդ Պայմանավորվող կողմի դատավարական կանոններով:

Մ ա ս 3

Հատուկ դրույթներ քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ

Հ ո դ վ ա ծ 78

Առարկաների հանձնումը

1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են խնդրանքի դեպքում միմյանց հանձնել՝

ա) այն առարկաները, որոնք օգտագործվել են, սույն Կոնվենցիային համապատասխան, անձի հանձնում առաջ բերող հանցագործություն կատարելիս, այդ թվում՝ հանցագործության գործիքները, այն առարկաները, որոնք ձեռք են բերվել հանցագործության հետևանքով կամ որպես դրա վարձատրություն, կամ էլ նրանք, որոնք հանցագործն ստացել է վերոնշյալ ճանապարհով ձեռք բերված առարկաների փոխարեն,

բ) այն իրերը, որոնք քրեական գործում կարող են ունենալ ապացուցողական նշանակություն. դրանք հանձնվում են նաև այն դեպքում, երբ հանցագործի հանձնումը չի կարող իրականացվել նրա մահվան, փախուստի կամ այլ հանգամանքների պատճառով:

2. Եթե հարցվող Պայմանավորվող կողմին սույն հոդվածի 1-ին կետում նշված առարկաներն անհրաժեշտ են որպես քրեական գործով ապացույցներ, ապա դրանց հանձնումը կարող է հետաձգվել մինչև քրեական գործով վարույթի ավարտը:

3. Հանձնված առարկաների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները մնում են ուժի մեջ: Քրեական գործով վարույթի ավարտից հետո այդ առարկաները պետք է անհատույց վերադարձվեն դրանք հանձնած Պայմանավորվող կողմին:

Հ ո դ վ ա ծ 79

Մեղադրական դատավճիռների մասին ծանուցումը և դատվածության մասին տեղեկությունները

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ամեն տարի մյուս Պայմանավորվող կողմերին տեղեկություններ կհաղորդի համապատասխան Պայմանավորվող կողմի քաղաքացիների նկատմամբ իր դատարանների կայացրած, օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռների մասին՝ միաժամանակ ուղարկելով դատապարտյալների առկա մատնահետքերը:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմերին, խնդրանքի դեպքում, անվճար տրամադրում է տեղեկություններ իր դատարանների կողմից նախկինում դատապարտված անձանց դատվածության վերաբերյալ, եթե այդ անձինք քրեական պատասխանատվության են կանչվում հարցնող Պայմանավորվող կողմի տարածքում:

Հ ո դ վ ա ծ 80

Քրեական հետապնդման և հանձնման հարցերով հաղորդակցման կարգը

Քրեական հետապնդման, հանձնման, ինչպես նաև քաղաքացիների իրավունքները շոշափող և դատախազի որոշում պահանջող քննչական հանձնարարությունների կատարման հարցերով հաղորդակցվում են Պայմանավորվող կողմերի գլխավոր դատախազները (դատախազները):

Բ ա ժ ի ն 5

Եզրափակիչ դրույթներ

Հ ո դ վ ա ծ 81

Սույն Կոնվենցիայի կիրառման հարցերը

Սույն Կոնվենցիան կիրառելիս ծագած հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները:

Հ ո դ վ ա ծ 82

Կոնվենցիայի հարաբերակցությունը միջազգային պայմանագրերի հետ

Սույն Կոնվենցիան չի շոշափում միջազգային այլ պայմանագրերի դրույթները, որոնց մասնակիցներ են Պայմանավորվող կողմերը:

Հ ո դ վ ա ծ 83

Ուժի մեջ մտնելու կարգը

1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրած պետությունների կողմից: Վավերագրերն ի պահ են հանձնվում Բելառուսի Հանրապետության կառավարությանը, որը կատարում է սույն Կոնվենցիայի ավանդապահի գործառույթը:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում՝ երրորդ վավերագիրն ավանդապահին ի պահ հանձնելուն հետևած 30-րդ օրը: Այն պետության համար, որի վավերագիրն ավանդապահին ի պահ կհանձնվի սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո, այն ուժի մեջ կմտնի նրա վավերագիրն ավանդապահին ի պահ հանձնելուն հետևած 30-րդ օրը:

Հ ո դ վ ա ծ 84

Կոնվենցիայի գործողության ժամկետը

1. Սույն Կոնվենցիան գործում է՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Կոնվենցիան ինքնաբերաբար երկարաձգվում է՝ յուրաքանչյուր անգամ նոր հնգամյա ժամկետով:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից՝ նրա գործողության ընթացիկ հնգամյա ժամկետի լրանալուց 12 ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

Հ ո դ վ ա ծ 85

Գործողությունը ժամանակի մեջ

Սույն Կոնվենցիայի գործողությունը տարածվում է նաև մինչև նրա ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա:

Հ ո դ վ ա ծ 86

Կոնվենցիային միանալու կարգը

Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո, բոլոր Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, նրան կարող են միանալ այլ պետություններ՝ միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու միջոցով: Միանալը համարվում է ուժի մեջ մտած՝ ավանդապահի կողմից միանալու համաձայնության մասին վերջին հաղորդումն ստանալուց 30 օր անց:

Հ ո դ վ ա ծ 87

Ավանդապահի պարտականությունները

Ավանդապահը սույն Կոնվենցիան ստորագրած և նրան միացած բոլոր պետություններին անհապաղ կտեղեկացնի յուրաքանչյուր վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնելու ամսաթվի, Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի, ինչպես նաև իր ստացած այլ ծանուցումների մասին:

Կատարված է Մինսկ քաղաքում, 1993 թվականի հունվարի 22-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը նրա հաստատված պատճենը կուղարկի սույն Կոնվենցիայի մասնակից պետություններին:

*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի դեկտեմբերի 21-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։