Հոդված 20
Հոդված 20
Ընդհանուր դրույթներ
1. Եթե սույն բաժնի 2-ից 5-րդ մասերում չի սահմանված այլ բան, ապա Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում բնակության վայր ունեցող անձանց դեմ, անկախ նրանց քաղաքացիությունից, հայցերը հարուցվում են այդ Պայմանավորվող կողմի դատարաններում, իսկ իրավաբանական անձանց դեմ հայցերը հարուցվում են այն Պայմանավորվող կողմի դատարաններում, որի տարածքում գտնվում է տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինը, ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը:
Եթե գործին մասնակցում են տարբեր Պայմանավորվող կողմերի տարածքներում բնակության (գտնվելու) վայր ունեցող մի քանի պատասխանողներ, ապա, հայցվորի ընտրությամբ, վեճը քննվում է ըստ ցանկացած պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի:
2. Պայմանավորվող կողմի դատարաններն իրավասու են նաև այն դեպքերում, եթե նրա տարածքում՝
ա) պատասխանողի ձեռնարկությունը (մասնաճյուղը) իրականացնում է առևտուր, արդյունաբերական կամ այլ տնտեսական գործունեություն,
բ) կատարված է կամ պետք է լրիվ կամ մասնակի կատարվի պայմանագրից բխող վեճի առարկա որևէ պարտավորություն,
գ) պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով հայցվորն ունի մշտական բնակության կամ գտնվելու վայր:
3. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և գույքային այլ իրավունքների վերաբերյալ հայցերը բացառապես ընդդատյա են գույքի գտնվելու վայրի դատարաններին:
Բեռների, ուղևորների և ուղեբեռի փոխադրման պայմանագրերից բխող հայցերը փոխադրողների դեմ ներկայացվում են ըստ այն տրանսպորտային կազմակերպության կառավարչության գտնվելու վայրի, որի նկատմամբ, սահմանված կարգով, պահանջ է ներկայացվել:
Հ ո դ վ ա ծ 21
Պայմանագրային ընդդատություն
1. Պայմանավորվող կողմի դատարանները կարող են քննել գործերը նաև այլ դեպքերում, եթե առկա է կողմերի գրավոր համաձայնությունը վեճն այդ դատարաններին հանձնելու վերաբերյալ:
Ընդ որում, 20-րդ հոդվածի 3-րդ կետից և սույն բաժնի 2-ից 5-րդ մասերով սահմանված այլ նորմերից, ինչպես նաև համապատասխան Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությունից բխող բացառիկ իրավասությունը չի կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ:
2. Վեճի փոխանցման վերաբերյալ համաձայնության առկայության դեպքում դատարանը, պատասխանողի դիմումի հիման վրա, դադարեցնում է գործի քննությունը:
Հ ո դ վ ա ծ 22
Դատավարությունների փոխկապվածությունը
1. Այն դեպքում, երբ երկու Պայմանավորվող կողմերի՝ սույն Կոնվենցիային համապատասխան իրավասու դատարաններում հարուցվում է վարույթ միևնույն կողմերի միջև, միևնույն առարկայի շուրջ, միևնույն հիմքերով, գործն ավելի ուշ հարուցած դատարանը վարույթը կարճում է:
2. Հակընդդեմ հայցը և հաշվանցման վերաբերյալ պահանջը, որոնք բխում են նույն իրավահարաբերությունից, ինչ և հիմնական հայցը, ենթակա են քննության այն դատարանում, որը քննում է հիմնական հայցը:
Մ ա ս 2
Անձնական կարգավիճակը