Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-04-01-ից մինչև 2003-04-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2003-04-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ III · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 6. Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը

գործել է մինչև 2003-04-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը

1.Գործատուները սոցիալական վճարները հաշվարկում և լիազոր մարմնին են վճարում ամսական եկամուտների վճարմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

2. (մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

3. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը լիազոր մարմին են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը), յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 25-ը, լիազորված մարմին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Հայտարարագրի ձևը մշակում ու հաստատում է լիազոր մարմինը և գրանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Գործատուն յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն: Հաշվետվության ձևը, լրացման կարգը մշակում ու հաստատում է լիազոր մարմինը և գրանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և լիազորված մարմին փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների մասին:

5. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ` ապառքի 0.15 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է նաև ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարումների, սոցիալական վճարների նվազեցված հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարների գծով` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար:

Սույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո: Սույն մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ապահովադիրի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվարկման լիազոր մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից արձանագրելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե լիազոր մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին:

Սոցիալական վճարների վճարումը ուշացնելու դեպքում լիազոր մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, սոցիալական վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով ապահովադրին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից լիազոր մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ սոցիալական վճարների գծով պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:

6. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում ապահովադրից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված (լիազորված մարմնի կողմից) սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ լիազորված մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սոցիալական վճարների օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` սոցիալական վճարների ամբողջ գումարի չափով:

Վարձու աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում գործատուն վճարում է սոցիալական վճար` նրա մոտ տվյալ պահին ձևավորված միջին աշխատավարձի նկատմամբ սույն օրենքի համաձայն հաշվարկված սոցիալական վճարի 12-ապատիկի չափով:

7. Ապահովադիրները, լիազորված մարմին, վերջինիս կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում, վճարում են թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև սույն օրենքով հաշվարկված տույժերը և տուգանքները:

8. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում լիազորված մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` ապահովադրի գույքը բռնագանձելու նպատակով: Լիազորված մարմինը, որպես սոցիալական վճարների պարտքը (ապառքի և հաշվարկված տույժերի գումարը) բռնագանձելու մասին դատարանի վճռի հարկադիր կատարման միջոց, ապահովադրի գույքի վրա դնում է արգելանք և ապահովում դրա իրացումը:

9. Սոցիալական վճարումների կատարման արտոնությունները սահմանվում են օրենքով:

(6-րդ հոդվածը խմբ.14.12.98 ՀՕ-266, լրաց. 06.07.00 ՀՕ-74, խմբ., փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-132, լրաց., փոփ. 02.04.02 ՀՕ-319, փոփ., խմբ. 11.12.02 ՀՕ-476-Ն, փոփ. 26.12.02 ՀՕ-499-Ն)

(11.12.02 ՀՕ-476-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։