Հոդված 5. Սոցիալական վճարների դրույքաչափերը
Հոդված 5. Սոցիալական վճարների դրույքաչափերը
1. Գործատուները սոցիալական վճարումները կատարում են աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ 28 տոկոսի չափով, բայց յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական ոչ պակաս 2500 և ոչ ավելի 20 հազար դրամից:
2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, բայց ամսական ոչ ավելի 2500 դրամից, որոնց պահումները կատարում և լիազորված մարմին են փոխանցում գործատուները:
3. Հաշմանդամների հասարակական կազմակերպությունները, այն ձեռնարկությունները, դրանց տնտեսական միավորումները, հիմնարկները, ուսումնական հաստատությունները և կազմակերպությունները, որտեղ աշխատողների և սովորողների ոչ պակաս 50 տոկոսը հաշմանդամ է, սոցիալական վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով:
4. Գյուղացիական տնտեսությունները սոցիալական վճարումներ են կատարում սեփականություն համարվող հողատարածքների` տվյալ տարվա համար սահմանված կարգով հաշվարկված կադաստրային զուտ եկամտի 12 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 150 հազար դրամ` մեկ տարվա ընթացքում: Վարձու աշխատանք օգտագործող գյուղացիական տնտեսությունները սոցիալական վճարումներ են կատարում նաև գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:
5. Անհատ ձեռներեցները, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող, ինչպես նաև սույն հոդվածում չնշված անձինք սոցիալական վճարումներ են կատարում իրենց տարեկան եկամտի 20 տոկոսի, բայց յուրաքանչյուր ամիս ոչ պակաս 1500 և ոչ ավելի 20 հազար դրամի չափով:
6. Բնաիրային ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
7. Սույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և լիազորված մարմին փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:
(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.98 ՀՕ-266)