Հոդված 5. Սոցիալական վճարների դրույքաչափերը
Հոդված 5. Սոցիալական վճարների դրույքաչափերը
1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարումները կատարում են նրան վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների ընդհանուր գումարի (այսուհետ` աշխատավարձի) նկատմամբ 28 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 5000 դրամից, և ոչ ավելի`
ա) մինչև 200 հազար դրամ աշխատավարձի տիրույթում` 20 հազար դրամից.
բ) 200 հազար դրամից ավելի աշխատավարձի տիրույթում` 20 հազար դրամին գումարած աշխատավարձի 200 հազար դրամը գերազանցող մասի 28 տոկոսը, բայց ոչ ավելի 30 հազար դրամից:
2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, բայց ամսական ոչ ավելի 2500 դրամից, որոնց պահումները կատարում և լիազորված մարմին են փոխանցում գործատուները:
3. Հաշմանդամների հասարակական կազմակերպությունները, այն ձեռնարկությունները, դրանց տնտեսական միավորումները, հիմնարկները, ուսումնական հաստատությունները և կազմակերպությունները, որտեղ աշխատողների և սովորողների ոչ պակաս 50 տոկոսը հաշմանդամ է, սոցիալական վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով:
4. Գյուղացիական տնտեսությունները սոցիալական վճարումներ են կատարում սեփականություն համարվող հողատարածքների` տվյալ տարվա համար սահմանված կարգով հաշվարկված կադաստրային զուտ եկամտի 12 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 150 հազար դրամ` մեկ տարվա ընթացքում: Վարձու աշխատանք օգտագործող գյուղացիական տնտեսությունները սոցիալական վճարումներ են կատարում նաև գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:
5. Անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը), գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող, ինչպես նաև սույն հոդվածում չնշված անձինք սոցիալական վճարումներ են կատարում իրենց տարեկան եկամտի 20 տոկոսի, բայց յուրաքանչյուր ամիս ոչ պակաս 1500 և ոչ ավելի 20 հազար դրամի չափով:
6. Բնաիրային ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
7. Սույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և լիազորված մարմին փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:
(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.98 ՀՕ-266, լրաց., խմբ. 06.07.00 ՀՕ-74)