Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ամսական հարկվող եկամտի չափը Հարկի գումարը
Մինչև 120000 դրամ Հարկվող եկամտի 24.4 տոկոսը
120000-2000000 դրամ 29280 դրամին գումարած 120000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը
2000000 դրամից ավելի 518080 դրամին գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը».
2) 3-րդ և 4-րդ մասերի «ստացման ենթակա» բառերը փոխարինել «ստացված» բառով.
3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Տոկոսների համար սույն մասով, ինչպես նաև ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց եկամուտներից սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը չեն կիրառվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որպես անհատ ձեռնարկատեր տոկոսների, ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց ստացման ենթակա եկամուտների նկատմամբ: Այդ դեպքում հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:».
4) 6-րդ մասի «վճարման ենթակա» բառերը փոխարինել «վճարված» բառով.
5) 7-րդ մասի`
ա. «հաշվարկելիս» բառը փոխարինել «վճարելիս» բառով,
բ. «վճարման ենթակա» բառերը փոխարինել «վճարված» բառով,
գ. «հաշվարկված» բառը փոխարինել «վճարված» բառով.
6) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը հաշվարկում և վճարում են ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն, իսկ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի և հավելված 2-ի ցանկերում ընդգրկված գործունեության տեսակների մասով եկամտային հարկ չի հաշվարկվում և չի վճարվում: Հաշվետու ժամանակաշրջանում միաժամանակ և (կամ) հաջորդաբար հարկման տարբեր համակարգերով գործունեություն իրականացնելու դեպքում`
1) հաստատագրված վճարների և (կամ) արտոնագրային վճարների օբյեկտ համարվող գործունեության տեսակներից ստացված (անհատ ձեռնարկատերերի համար` ստացման ենթակա) եկամուտները և այդ ժամանակահատվածին վերաբերող նվազեցումները, ինչպես նաև վճարված հաստատագրված վճարներն ու արտոնագրային վճարները հաշվի չեն առնվում հարկման ընդհանուր համակարգում գտնվող գործունեության տեսակների մասով հարկվող եկամուտը որոշելիս.
2) հարկման ընդհանուր համակարգում գտնվող, ինչպես նաև հաստատագրված վճարների և (կամ) արտոնագրային վճարների օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերը վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում (ըստ հարկման համակարգերի), իսկ ժամանակաշրջանի ծախսերը (որոնք ըստ հարկման համակարգերի հնարավոր չէ առանձնացնել) բաշխվում են` ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ հարկման տարբեր համակարգերում գտնվող գործունեության տեսակներից ստացված (ստացվող) եկամուտների տեսակարար կշիռներից (ըստ հարկման համակարգերի համախառն եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում չվարելու դեպքում դրանց մեծությունը կարող է որոշվել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով):»: