Հոդված 2
Հոդված 2.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.
«Հոդված 10.1. Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը
Սույն օրենքի իմաստով համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և ուղղակի կամ անուղղակի ներգործություն են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա։ Համայնքում տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք ունի համապատասխան համայնքի տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ:
Տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված` տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակներում, նրանց գործունեության բնագավառներում։ Համայնքի բնակիչների, նրանց խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները, մասնակցության ձևերը, ընթացակարգերը սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, ինչպես նաև ավագանու ընդունած` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին որոշմամբ:»: