Հոդված 6
Հոդված 6
Փորձագիտական ծառայությունները
6.1 Ստացողը` ի դեմս ՋՏՊԿ-ի, պարտավոր է.
ա) փորձագիտական ծառայությունների իրականացումը հանձնարարել որակավորված անկախ խոհրդատուներին («Խորհրդատու»)` պահպանելով ՋՏՊԿ-իև KfW-ի միջև համաձայնեցված Փորձագիտական ծառայությունների հայեցակարգի բովանդակությունը,
բ) նախնական ընտրությունից և միջազգային հանրային մրցույթից հետո Պայմանագիր (Պայմանագրեր) կնքել որակավորված անկախ Խորհրդատուի հետ, որը կոնսորցիում կկազմի Հայաստանի խորհրդատուների հետ: Պայմանագիրը շնորհելիս պետք է առաջնորդվել “Զարգացող երկրների հետ ֆինանսական համագործակցության ծրագրերում խորհրդատուների նշանակման ուղեցույցով” (Հավելված 1), որը սույն Համաձայնագրի անբաժան մասն է կազմում:
գ) ապահովել սույն Փորձագիտական ծառայությունների լիարժեք ֆինանսավորում, և KfW-ի պահանջով KfW-ին տրամադրել ապացույց, որ սույն ֆինանսական օժանդակության կողմից չփոխհատուցվող ծախսերը կատարվել են,
դ) պահել կամ պահանջել, որպեսզի պահվեն գրանցամատյաններ և գրանցումներ, որոնք պարզորոշ ցույց կտան Ուսումնասիրության համար բոլոր ծախսերը` հստակորեն տարանջատելով սույն ֆինանսական օժանդակության միջոցներով ֆինանսավորվող ծառայությունները,
ե) KfW-ի ներկայացուցիչներին հնարավորություն տալ ցանկացած ժամանակ ստուգել վերոհիշյալ գրանցամատյանները, գրանցումները և Փորձագիտական ծառայությունների իրականացմանն առնչվող ցանկացած փաստաթուղթ,
զ) KfW-ի պահանջով KfW-ին տրամադրել Փորձագիտական ծառայություններին կամ նրանց հետագա ընթացքին առնչվող ցանկացած տեղեկատվություն և հաշվետվություններ,
է) սեփական նախաձեռնությամբ անմիջապես տեղեկացնել KfW-ին, եթե որևէ հանգամանք խոչընդոտի կամ լրջորեն վտանգի Փորձագիտական ծառայությունների իրականացումը կամ նպատակը,
ը) Խորհրդատուի հաշվետվությունների վերաբերյալ նկատառումներ ներկայացնել կամ ընդունել դրանց բովանդակությունը` ստորագրությամբ հաստատելով, և
թ) բոլոր նախագծերի, հաշվետվությունների, ուսումնասիրությունների և Խորհրդատուների անձնակազմում փոփոխությունների վերաբերյալ իր որոշումներն ընդունել` համաձայնեցնելով KfW-ի հետ:
6.2 Փորձագիտական ծառայությունների ավարտից անմիջապես հետո KfW-ի պահանջով KfW-ին տրամադրել Խորհրդատուների կազմած բոլոր նախագծերի, հաշվետվությունների, ուսումնասիրությունների այնքան կրկնօրինակներ, որքան KfW-ն կարող է պահանջել: KfW-ն կարող է տալ վերոնշյալ ուսումնասիրությունների գնահատականը:
6.3 Փորձագիտական ծառայությունների ֆինանսավորումից չի բխում, որ Ստացող կողմին վերապահվում է Փորձագիտական ծառայությունների արդյունքում նախապատրաստված ծրագրի ֆինանսավորում ստանալու իրավունք: Ստացողը պարտավոր է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը թողնել Ֆինանսական համագործակցության ծրագրի ֆինանսավորման ընտրության հարցը: