Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 39. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը
1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության հիման վրա անձի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարվելու դեպքում մասնակցի համար կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը` ծրագրային մոդուլի միջոցով` սահմանված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը:
Ծրագրային մոդուլը պատահականության սկզբունքով բաշխում է ընտրություն չկատարած մասնակիցներին բոլոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների միջև այլ մասնակիցների կողմից կատարված ընտրությանը համամասնորեն` հիմք ընդունելով սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կենսաթոշակային ֆոնդի փայերը մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին փոխանցելու օրվան նախորդող օրվա դրությամբ առկա համամասնությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:
Կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած անձանց կուտակային վճարների հաշվին ձեռք են բերվում սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված սկզբունքով պատահական ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի միջին ռիսկայնության (պահպանողական (կոնսերվատիվ)) կենսաթոշակային ֆոնդի փայեր:
2. Եթե անձը չի ներկայացրել սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված դիմումը, ապա մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց և նրա անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր (թղթային) ձևով տեղեկացում է ուղարկում տվյալ անձին: Ընդ որում, սույն մասի առաջին նախադասությամբ նախատեսված տեղեկացումը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկությունները:
3. Կենտրոնական բանկը կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած բոլոր մասնակիցների կամ նրանց մի մասի համար սահմանում է կառավարիչների միջև բաշխման կարգ, եթե դա անհրաժեշտ է կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգի և (կամ) ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար:»: