Հոդված 3
Հոդված 3
Գրասենյակի պաշտոնատար անձինք
3.1. Գրասենյակում աշխատում են Եվրոպայի խորհրդի պաշտոնատար անձինք (այսուհետ` Գրասենյակի պաշտոնատար անձինք), որոնք ներառված են հետևյալ կատեգորիաներում` Եվրոպայի խորհրդի աշխատակազմի անդամներ, որոնք աշխատանքի են ընդունվում Եվրոպայի խորհրդի Աշխատակազմի կանոնակարգի և Կանոնների համաձայն՝ ներառյալ տեղական անձնակազմը, ինչպես նաև՝ պաշտոնատար անձինք, ովքեր գործուղվել են Եվրոպայի խորհուրդ կիրառելի կանոնների համաձայն:
3.2. Եվրոպայի խորհուրդը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Երևանի Գրասենյակի իր պաշտոնատար անձանց անունների, գործառույթների և կատեգորիաների մասին:
3.3. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը նշանակում է Գրասենյակի ղեկավարին, որի առաջարկվող թեկնածության մասին նախապես գրավոր տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
3.4. ԱԱԳՀ-ի 18-րդ հոդվածը կիրառվում է գրասենյակի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ բացառությամբ տեղական անձնակազմի։
3.5. Տեղական անձնակազմի մեջ մտնող՝ Գրասենյակի պաշտոնատար անձինք օգտվում են ԱԱԳՀ-ի 18-րդ հոդվածի «ա» և «բ» կետերով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիություններից:
3.6. Ի լրումն ԱԱԳՀ-ում պարունակվող դրույթների` Գրասենյակի պաշտոնատար անձանց վրա չեն տարածվում սոցիալական ապահովությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքները՝ պայմանով, որ այդ պաշտոնատար անձինք ընդգրկված են Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող սոցիալական ապահովության համակարգում:
3.7. ԱԱԳՀ-ի 18-րդ հոդվածի «բ» կետի սահմանված բացառությունը չի խոչընդոտում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության համակարգում կամավոր մասնակցությանը՝ պայմանով, որ այդ մասնակցությունը թույլատրված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
3.8. Արտոնություններն ու անձեռնմխելիությունները պաշտոնատար անձանց տրվում են Եվրոպայի խորհրդի, այլ ոչ թե նրանց անձնական շահերից ելնելով: Գլխավոր քարտուղարն իրավունք ունի և պարտավոր է զրկելու որևէ պաշտոնատար անձի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ, իր կարծիքով, այդ անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, և այդ անձեռնմխելիությունից հնարավոր է զրկել առանց Եվրոպայի խորհրդի շահերին վնաս պատճառելու:
3.9. Գրասենյակի պաշտոնատար անձինք պետք է հարգեն Հայաստանի Հանրապետության օրենքները և չձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են Գրասենյակի մանդատի և գործառույթների հետ: