Հոդված 13. Քաղաքացիական ծառայողների պարգևատրման աղբյուրները, չափերը և կարգը
Հոդված 13. Քաղաքացիական ծառայողների պարգևատրման աղբյուրները, չափերը և կարգը
1. Տվյալ մարմնի համար քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է այդ մարմնի քաղաքացիական ծառայողների` պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, որը սահմանվում է հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով: «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով և «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված բոլոր մարմինների համար քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է միասնական տոկոսային դրույքաչափով:
2. Քաղաքացիական ծառայողի պարգևատրումը քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից ունի միանվագ բնույթ: Քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը հաշվարկվում է նրա տարեկան հիմնական աշխատավարձի նկատմամբ:
Քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը` հիմք ընդունելով տվյալ մարմնում ներկայացրած երկու կիսամյակային հաշվետվությունների հիման վրա նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը կամ տվյալ մարմնում առնվազն վեց` փաստացի աշխատած ամիսների համար ներկայացրած հաշվետվություններին համամասնորեն` նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը:
Քաղաքացիական ծառայողը պարգևատրում չի ստանում, եթե նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկը գնահատվել է բացասական կամ պարգևատրում տալու վերաբերյալ որոշում ընդունելու պահին չի հանդիսանում քաղաքացիական ծառայող:
3. Քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից պարգևատրումները նախորդ տարվա արդյունքների հիման վրա տրվում են հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:
4. Քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը (մարմինը) տարվա ընթացքում հատուկ առաջադրանքների, ինչպես նաև որակյալ աշխատանքի կատարման համար կարող է պարգևատրել քաղաքացիական ծառայողների աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:
Քաղաքացիական ծառայողը հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգևատրվում է իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ:
5. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված դեպքերում քաղաքացիական ծառայողները կարող են պարգևատրվել դրանցով սահմանված աղբյուրներից և կարգով:
(13-րդ հոդվածը խմբ., լրաց. 04.10.05 ՀՕ-185-Ն, լրաց. 27.11.08 ՀՕ-210-Ն, լրաց., փոփ. 07.10.09 ՀՕ-182-Ն)