Հոդված 16. Հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը
Հոդված 16. Հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը
1. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատել կամ միանգամյա գործարք կատարել միայն հաճախորդի նույնականացման համար սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) ստանալուց և հաճախորդի ինքնությունը ստուգելուց հետո: Հաշվետվություն տրամադրող անձը կարող է սույն օրենքով նույնականացման համար պահանջվող տեղեկությունների հիման վրա հաճախորդի ինքնությունը ստուգել նաև գործարար հարաբերություն հաստատելու կամ միանգամյա գործարք կատարելու ընթացքում կամ դրանից հետո ողջամիտ, բայց ոչ ավելի, քան յոթնօրյա ժամկետում, եթե ռիսկն արդյունավետորեն կառավարվում է, և դա անհրաժեշտ է հաճախորդի հետ բնականոն գործարար հարաբերությունները չխափանելու նպատակով:
2. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնի, երբ՝
1) հաստատվում է գործարար հարաբերություն.
2) կատարվում է միանգամյա գործարք (փոխկապակցված միանգամյա գործարքներ), այդ թվում` ներպետական կամ միջազգային դրամական փոխանցում, որի գումարը հավասար է կամ գերազանցում է նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը, եթե խստացնող այլ դրույթ սահմանված չէ օրենսդրությամբ.
3) կասկածներ են առաջանում հաճախորդի նույնականացմանը վերաբերող` նախկինում ձեռք բերված տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) հավաստիության կամ ամբողջականության վերաբերյալ.
4) կասկածներ են առաջանում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձինք սույն հոդվածով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնում են 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում, ընդ որում` խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները՝ նույն մասով նախատեսված և 1 միլիոն դրամը գերազանցող որևէ գործարքի (փոխկապակցված միանգամյա գործարքների) մասով (բացառությամբ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների առկայության, որի դեպքում հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունն իրականացվում է անկախ գումարային սահմանաչափից), իսկ ռիելթորական գործունեություն իրականացնող անձինք` անշարժ գույքի առուվաճառքի գործարքների կամ գործարար հարաբերությունների մասով, եթե խստացնող այլ դրույթ սահմանված չէ օրենսդրությամբ:
4. Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդին նույնականացնում և նրա ինքնությունը ստուգում է պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի և այլ տեղեկությունների հիման վրա: Ընդ որում՝
1) ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար անձը հաստատող փաստաթղթի կամ բացառապես լուսանկարով` պաշտոնական այլ փաստաթղթերի հիման վրա ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` նաև հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ: Հաշվետվություն տրամադրող անձը պետք է պարզի նաև հաճախորդի բնակության վայրը.
2) իրավաբանական անձի համար պետական գրանցման փաստաթղթի կամ պաշտոնական այլ փաստաթղթերի հիման վրա ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն), գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և, առկայության դեպքում, հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ.
3) պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի համար ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի լրիվ պաշտոնական անվանումը և երկիրը:
5. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է պարզի, թե արդյոք հաճախորդը հանդես է գալիս իր կամ այլ անձի անունից և (կամ) օգտին: Հաշվետվություն տրամադրող անձը պետք է՝
1) պարզի լիազորված անձի առկայությունը և առկայության դեպքում, սույն հոդվածի 1-4-րդ և 8-րդ մասերին համապատասխան, նույնականացնի լիազորված անձին, ստուգի նրա ինքնությունը և հաճախորդի անունից հանդես գալու նրա լիազորությունը.
2) պարզի իրական շահառուի առկայությունը և առկայության դեպքում, սույն հոդվածի 1-4-րդ և 8-րդ մասերին համապատասխան, նույնականացնի իրական շահառուին ու ստուգի նրա ինքնությունը:
6. Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի իրական շահառուին պարզելու նպատակով պետք է լիարժեք տեղեկատվություն ունենա այդ իրավաբանական անձի (բացառությամբ արժեթղթերի շուկայի կարգավորման օրենսդրությամբ նախատեսված հաշվետու թողարկողների) մասնակիցների և կառավարման մարմինների լիազորությունների վերաբերյալ:
7. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է պարզի հաճախորդի գործարար բնութագիրը, ինչպես նաև ճշտի գործարար հարաբերության նպատակը և նախատեսվող բնույթը:
8. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գործողություններն իրականացնելիս հաշվետվություն տրամադրող անձի համար կարող են հիմք ծառայել այլ ֆինանսական հաստատության կամ ոչ ֆինանսական հաստատության կամ անձի կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները հետևյալ պայմանների բավարարման դեպքում՝
1) հաշվետվություն տրամադրող անձը պետք է վերջնական պատասխանատվություն կրի հաճախորդի պատշաճ ուսումնասիրության համար.
2) հաշվետվություն տրամադրող անձը պետք է այլ ֆինանսական հաստատությունից կամ ոչ ֆինանսական հաստատությունից կամ անձից անմիջապես ստանա սույն հոդվածի 1-7-րդ մասերով նախատեսված տեղեկությունները.
3) հաշվետվություն տրամադրող անձը պետք է բավարար միջոցներ ձեռնարկի հավաստիանալու, որ այլ ֆինանսական հաստատությունը կամ ոչ ֆինանսական հաստատությունը կամ անձը՝
ա. իրավասու է և կարող է ըստ պահանջի անմիջապես տրամադրել հաճախորդի պատշաճ ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, ներառյալ՝ փաստաթղթերի պատճենները,
բ. փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից ենթակա է պատշաճ կարգավորման ու վերահսկողության, ինչպես նաև ունի սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և տեղեկությունների պահպանման արդյունավետ ընթացակարգեր,
գ. չի գտնվում կամ բնակվում չհամապատասխանող երկրում կամ տարածքում կամ չհամապատասխանող երկրներից կամ տարածքներից չէ: