Հոդված 9. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 9. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Կառավարությունը բաժնետոմսերի վաճառքի պայմանագրում պարտավոր է ամրագրել հետևյալ պայմանները`
ա) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել բաժնետոմսերի վաճառքի պայմանագրում սահմանված ժամկետում իրեն մասնավորեցված ընկերությունների վերակազմակերպումը` դրանց միացման կամ միաձուլման միջոցով: Հետագա բոլոր վերակազմակերպումները կարող են իրականացվել Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի համաձայնությամբ.
բ) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել ԷԲ ընկերության կողմից ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավումը, ընդ որում` ներդրումային ծրագրերը պետք է ապահովեն տեխնիկական կանոնակարգերի և գործունեության լիցենզիայի պայմաններին համապատասխան սպառողներին էլեկտրաէներգիայի անխափան և հուսալի մատակարարման պահանջների բավարարումը.
գ) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել ԷԲ ընկերության կողմից ապրանքների և ծառայությունների գնման այնպիսի գործընթացներ, որոնք կնախատեսեն հավասար պայմաններում տեղական արտադրողների և ծառայություններ մատուցողների նախապատվությունը.
դ) ռազմավարական ներդրողը մասնավորեցման պահից հետո ԷԲ ընկերության բաժնետոմսերը կարող է օտարել կառավարության համաձայնությամբ կամ կառավարության կողմից սահմանված պայմաններով.
ե) ռազմավարական ներդրողը պարտավոր է համապատասխան պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ԷԲ ընկերությունների կողմից 100 տոկոս վճարումներ ստացած էլեկտրաէներգիայի, հզորության, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիայով պայմանավորված` այլ անձանց կողմից մատուցած ծառայությունների դիմաց.
զ) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել ԷԲ ընկերությունների համագործակցությունն ադմինիստրատորի հետ` կապված սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված պահանջների հաշվառման հետ: