Հոդված 2
Հոդված 2
1. Մաքսային միության անդամ պետություն չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության ցանկացած մասնակից պետություն (այսուհետ՝ Շահագրգիռ պետություն) իրավունք ունի Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) հարցում ուղարկելու որոշակի արտադրատեսակի առնչությամբ փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասին:
Հանձնաժողովը, Շահագրգիռ պետության հարցման հիման վրա, սահմանում է Մաքսային միության տեխնիկական այն կանոնակարգերի ցանկը, որոնք տարածվում են Շահագրգիռ պետության հարցման մեջ սահմանված արտադրատեսակների վրա, ինչպես նաև Հանձնաժողովի այն որոշումների ցանկը, որոնք անհրաժեշտ են նշված տեխնիկական կանոնակարգերը կիրառելու համար, և փոխանցում է Շահագրգիռ պետությանը այդ տեղեկությունները:
2. Շահագրգիռ պետության հարցման մեջ սահմանված արտադրատեսակների մասով փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համար պայման է համարվում Շահագրգիռ պետության կողմից Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների և սույն հոդվածի 1-ին կետում նշված Հանձնաժողովի համապատասխան որոշումների կիրառումը՝ սույն Համաձայնագրով նախատեսված կարգով և պայմաններով:
3. Շահագրգիռ պետության կողմից՝ սույն Համաձայնագրով նախատեսված կարգով և պայմաններով իր տարածքում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառումը կարող է իրականացվել իր ընտրությամբ՝ ոչ այլընտրանքային կամ այլընտրանքային հիմունքներով:
Այլընտրանքային հիմունքներով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառումն իրականացվում է առանց բացառումների՝ պայմանով, որ Մաքսային միության նշված տեխնիկական կանոնակարգերի գործողության ոլորտում Շահագրգիռ պետության ազգային տեխնիկական կանոնակարգերի և օրենսդրական այլ ակտերի գործողությունը դադարեցվի:
Ոչ այլընտրանքային հիմունքներով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառումն իրականացվում է առանց բացառումների՝ Մաքսային միության նշված տեխնիկական կանոնակարգերի գործողության ոլորտում Շահագրգիռ պետության գործող ազգային տեխնիկական կանոնակարգերի և այլ օրենսդրական ակտերի հետ մեկտեղ՝ Շահագրգիռ պետության հայտատուների (տնտեսական գործունեության մասնակիցների) ընտրությամբ: