Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Ենթահանձնաժողովի, աշխատանքային խմբի և փորձագետների աշխատանքային խմբի (բյուջետային գրասենյակի) ստեղծումն ու գործունեությունը
1. Մշտական հանձնաժողովը կարող է իր կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաև ձևավորել աշխատանքային խմբեր՝ սահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը և ընտրել դրանց ղեկավարներին:
2. Մշտական հանձնաժողովի ստեղծած աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորը, ինչպես նաև հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետը (մասնագետը), պատգամավորի օգնականը և այլ մասնագետներ:
3. Մշտական հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է մշտական հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:
4. Իր գործունեության արդյունքների մասին մշտական հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է մշտական հանձնաժողովի նիստում:
5. Մշտական հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ՝ մշտական հանձնաժողովի որոշմամբ:
6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 77-րդ հոդվածով Ազգային ժողովին վերապահված վերահսկողական լիազորությունների, ինչպես նաև սույն օրենքի 10-րդ, 11-րդ գլուխներով և 101-րդ հոդվածով սահմանված դրույթների արդյունավետ իրականացմանը նպաստելու և պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու համար Ազգային ժողովում կազմավորվում է փորձագետների աշխատանքային խումբ (այսուհետ՝ Բյուջետային գրասենյակ):
7. Բյուջետային գրասենյակի գործառույթներն են`
1) պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը և ելքերը ծրագրային և (կամ) այլ ձևաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.
2) ծրագրային բյուջետավորման ձևաչափի վերաբերյալ դասընթացների կազմակերպումը.
3) պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագրի պատրաստումը, ինչպես նաև ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի և տեղեկանքների պատրաստումը.
4) պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձևակերպմանն աջակցությունը` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ, ինչպես նաև պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի և պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի.
5) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Այդ նպատակով Բյուջետային գրասենյակն իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների տեսակների, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների և պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում` տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով.
6) պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների), ինչպես նաև պետական բյուջեով հատկացվող, հատկացված միջոցների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.
7) Հայաստանի Հանրապետության պետական պարտքի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.
8) պետական բյուջեի նախագծի և պետական բյուջեի կատարման ընթացքում պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների, պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի), դրա ֆինանսավորման աղբյուրների, պետական բյուջեի պարտքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական պարտքի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպմանն աջակցությունը.
9) պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի և տեղեկանքների պատրաստումը.
10) պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագրի պատրաստումը.
11) Վերահսկիչ պալատի տարեկան, ընթացիկ հաշվետվությունների և եզրակացությունների վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.
12) իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունները Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով ներկայացնելը: Տարեկան հաշվետվությունը տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:
8. Բյուջետային գրասենյակն իր գործառույթների շրջանակներում պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին` նրանց գրավոր հարցման հիման վրա, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տրամադրում է մասնագիտական աջակցություն և տեղեկատվություն:
Բյուջետային գրասենյակն իր գործառույթների իրականացման նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից, հիմնարկներից և կազմակերպություններից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահին կամ որևէ պատգամավորի:
9. Բյուջետային գրասենյակի կանոնակարգը, փորձագետներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրության (նշանակման) կարգը, պաշտոնավարման պայմանները, ժամկետը, վարձատրության չափը սահմանվում են սույն օրենքի 1-ին և 2-րդ հավելվածներով:
10. Բյուջետային գրասենյակը կազմված է համակարգող փորձագետից և 4 այլ փորձագետից: Փորձագետների` տվյալ ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոնների 2-րդ ենթախմբում պաշտոն զբաղեցնելու ստաժին:»: