Հոդված 12
Հոդված 12.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին և 19.2-րդ հոդվածներով.
«Հոդված 19.1. Մասնավոր գերեզմանատների կազմակերպումը և դրանց գործունեությունը
1. Մասնավոր գերեզմանատները կազմակերպվում են սույն օրենքի 19-23-րդ հոդվածների դրույթների համաձայն` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից` սեփականության կամ կառուցապատման իրավունքով իրենց տրամադրված նվազագույնը 3 հա տարածքով հողամասերում: Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը սույն օրենքով նախատեսված պահանջների և պայմանների բավարարման դեպքում մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեություն իրականացնելու համար համայնքի ղեկավարի կողմից ստանում են թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
Կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասում մասնավոր գերեզմանատան շահագործումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ կառուցապատման պայմանագրով հստակ սահմանված է, որ հողամասի սեփականատերը հողամասը կառուցապատման է տրամադրել մասնավոր գերեզմանատուն կազմակերպելու նպատակով:
Մասնավոր գերեզմանատուն շահագործելու թույլտվության տրամադրումը կարող է մերժվել, եթե դիմողի կողմից չեն պահպանվել մասնավոր գերեզմանատների կազմակերպման և գործունեության համար անհրաժեշտ՝ սույն օրենքով և լիազոր մարմնի սահմանած պահանջները և պայմանները: Թույլտվության տրամադրման համար գանձվում է տարեկան տեղական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափերով:
2. Մասնավոր գերեզմանատները կարող են կազմավորվել հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների հիման վրա՝ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի վրա:
3. Մասնավոր գերեզմանատան կազմակերպումը քաղաքաշինական գործունեության տեսակ է և ենթակա է օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։
4. Մասնավոր գերեզմանատան սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պարտավոր է՝
1) գերեզմանատան տարածքում ունենալ`
ա. շուրջօրյա աշխատանքային ռեժիմով դիակների պահման վայր` մինչև հոգեհանգստի և հուղարկավորության իրականացումը,
բ. առնվազն մեկ հոգեհանգստի սրահ` լիազոր մարմնի սահմանած չափով,
գ. ավտոկայանատեղ` լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան,
դ. հուշապատ` աճյունասափորների տեղադրման համար,
ե. ծաղիկների, ծաղկեպսակների և հոգեհանգստի ու հուղարկավորության համար անհրաժեշտ այլ պարագաների վաճառքի սրահ,
զ. դիակիզարան կամ որևէ գործող դիակիզարանի օգտագործման կամ դրա ծառայություններից օգտվելու պայմանագիր,
է. ոռոգման և խմելու ջրի համակարգ, հասարակական զուգարան.
2) ունենալ առնվազն մեկ ավտոդիատար.
3) պարսպապատել գերեզմանատան տարածքը.
4) պահպանել բնապահպանական և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:
5. Մասնավոր գերեզմանատան դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը գերեզմանատան տարածքում կարող է ունենալ հոգեհացի մատուցման սրահ:
6. Մասնավոր գերեզմանատան տարածքը օտարելու կամ կառուցապատման իրավունքի փոխանցման դեպքում նոր սեփականատիրոջը կամ կառուցապատման իրավունք ձեռք բերողին պետք է միաժամանակ փոխանցվեն նաև սույն օրենքի 19.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքները և պարտավորությունները: Սույն մասի պահանջները չպահպանելու դեպքում պայմանագիրը առ ոչինչ է:
7. Գերեզմանատան սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի վերակազմակերպման կամ անհատ ձեռնարկատիրոջ մահվան դեպքում սույն օրենքի 19.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքները և պարտավորությունները փոխանցվում են այն անձին, որին փոխանցվում է գերեզմանատան տարածքի նկատմամբ շահագործման իրավունքը:
8. Մասնավոր գերեզմանատների տարածքը՝ դրա վրա առկա օժանդակ շինություններով, կարող է օտարվել միայն որպես մեկ գույքային միավոր:
9. Մասնավոր գերեզմանատան շահագործողը պարտավոր է գերեզմանատան անձնակազմի անդամներից նշանակել մեկ պատասխանատու անձ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների մատուցման վերաբերյալ հարցերը հուղարկավորության կազմակերպումն ստանձնող անձի հետ քննարկելու համար:
10. Ծառայությունները պատշաճ կազմակերպելու նպատակով մասնավոր գերեզմանատան շահագործողն իր ներքին իրավական ակտերով պետք է հաստատի անձնակազմի հագուստի, ինչպես նաև անձնակազմի՝ հուղարկավորության, հոգեհանգստի և հոգեհացի մասնակիցների հետ վարվեցողության կանոններ: