Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները
1. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում համայնքի ղեկավարի իրավասություններն են`
1) համայնքային գերեզմանատներ և դիակիզարաններ կազմավորելը, շահագործելը և պահպանելը` քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան.
2) համայնքի վարչական տարածքում մահացած, հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չունեցող քաղաքացիների հուղարկավորություն կամ դիակիզում կազմակերպելը.
3) գերեզմանատների տարածքների կառուցապատման նպատակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման և համաձայնեցման փուլում քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին և շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելը.
4) գերեզմանատների կառուցապատման հատակագծեր (օգտագործման սխեմաներ) մշակելը և հաստատելը.
5) նոր գերեզմանատների կազմակերպման համար հողամասեր հատկացնելը, գոյություն ունեցող գերեզմանատների սահմանները փոփոխելը և գերեզմանատների փակման վերաբերյալ որոշումներ ընդունելը.
6) գերեզմանատների զբաղեցրած հողերի կառուցապատման սխեմաների մշակման, դրանց սահմանների փոփոխման, նոր գերեզմանատների կազմակերպման աշխատանքները համակարգելը.
7) հուղարկավորությունները, վրահուղարկավորությունները, վերահուղարկավորությունները կազմակերպելու, գերեզմանատների, դիակիզարանների շահագործման և հուղարկավորությունների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության, ինչպես նաև գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո` շինարարության իրականացման փուլում) քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին, շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.
8) մասնավոր գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո՝ շինարարության իրականացման փուլում) քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին, շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների խախտման դեպքում դրանք ողջամիտ ժամկետում (չի կարող գերազանցել 12 ամիսը) վերացնելու համար կարգադրագիր տալը.
9) մասնավոր գերեզմանատան շահագործման համար տրված թույլտվության պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.
10) սույն օրենքով սահմանված դեպքերում՝ մասնավոր գերեզմանատան կառավարիչ չլինելու պարագայում, մասնավոր գերեզմանատան կառավարչի գործառույթներ իրականացնելը:
2. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված այլ լիազորություններ:»: