Հոդված 140.4
Հոդված 140.4.
Գումարտակի (դիվիզիոնի) սերժանտը պարտավոր է`
- մասնակցել գումարտակի (դիվիզիոնի) մարտական պատրաստության պլանավորմանը և իրականացնել ստորաբաժանումների սերժանտների մասնագիտական պատրաստության հաշվառում.
- ստորաբաժանումների սերժանտների հետ անցկացնել ցուցադրական, հրահանգչամեթոդական, գործնական և ստուգողական պարապմունքներ.
- իմանալ ստորաբաժանումների յուրաքանչյուր սերժանտի ազգանունը, անունը, հայրանունը, գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, մինչև ծառայությունը նրա զբաղմունքը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստությունում նրա հաջողություններն ու թերությունները.
- իր իրավասությունների սահմաններում իմանալ գումարտակի (դիվիզիոնի) սպառազինությունը, ռազմական և այլ տեխնիկայի կառուցվածքն ու շահագործման կանոնները, տիրապետել տեխնիկական անվտանգության սահմանված կանոններին.
- օգնություն ցուցաբերել գումարտակում սերժանտական ենթախորհուրդը ձևավորելու և դրա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ.
- իր իրավասությունների սահմաններում մասնակցել սպառազինության, ռազմական և այլ տեխնիկայի նախապատրաստմանը զորավարժություններին և պարապմունքներին.
- ցուցաբերել օգնություն ստորաբաժանումների սերժանտներին մարտական պատրաստության պարապմունքների ճիշտ կազմակերպման նպատակով և վերահսկողություն սահմանել դրանց մեթոդապես ճիշտ անցկացման նկատմամբ.
- իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ նոր եկած սերժանտների ժամանակին ու պատշաճ ընդունման, բաշխման ու բոլոր տեսակի բավարարումների ապահովման համար, ցուցաբերել օգնություն նրանց կայացման ուղղությամբ.
- իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ գումարտակի (դիվիզիոնի) ուսումնանյութական և տեխնիկական բազայի կատարելագործման ու սարքին պահելու ուղղությամբ.
- իր իրավասությունների սահմաններում սահմանել վերահսկողություն վաշտերում մարտական պատրաստությունից անցկացվող պարապմունքների նկատմամբ.
- պահանջել ստորաբաժանումների սերժանտներից ու շարքային կազմի զինծառայողներից ապահովել զինվորական կարգապահությունը, օրվա կարգացուցակի և ծառայողական ժամանակի ճշգրիտ պահպանումը, գումարտակի հրամանատարին անմիջապես զեկուցել զինվորական կարգապահության խախտումների, ինչպես նաև ստորաբաժանումների սերժանտների և շարքային կազմի զինծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի ու խրախուսանքների, ենթակաների դիմումների վերաբերյալ.
- պահանջել ստորաբաժանումների սերժանտներից ու շարքային կազմի զինծառայողներից ապահովել անվտանգության կանոնների պահպանումը պարապմունքների անցկացման, հրաձգության, զորավարժությունների ու առօրյա աշխատանքների կատարման ժամանակ.
- յուրաքանչյուր ամիս ստորաբաժանումների սերժանտների հետ անցկացնել արդյունքների ամփոփում մարտական պատրաստության, ծառայողական գործունեության, զինվորական կարգապահության վերաբերյալ և արդյունքների մասին զեկուցել գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարին ու գնդի (բրիգադի) սերժանտին.
- մասնակցել գումարտակում զանգվածային մարզական միջոցառումների անցկացմանը.
- շաբաթվա մեջ մեկ անգամ վերահսկել վաշտերում անցկացվող վերկացը, առավոտյան մարզանքը, առավոտյան ստուգումն ու երեկոյան անվանականչը.
- իրականացնել վերահսկողություն գումարտակի (դիվիզիոնի) օրվա վերակարգում ներգրավված ենթակա անձնակազմի նախապատրաստման և ծառայության կրման նկատմամբ, ինչպես նաև շաբաթական ոչ պակաս, քան մեկ անգամ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարի ցուցումով անձամբ ստուգել ստորաբաժանումներում սերժանտների ու շարքային կազմի զինծառայողների կողմից ծառայության իրականացումը:»: