Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
1) կրթություն` անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար.
1.1) ուսուցում՝ կրթական ծրագրով իրականացվող գործընթաց, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպատակաուղղված է անձի ուսումնառության կազմակերպմանը, իրականացմանը կամ դրա օժանդակմանը.
1.2) հարատև կրթություն՝ անձի ամբողջ կյանքի ընթացքում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության մասնակցության միջոցով ձեռք բերած ուսումնառության արդյունքներ, որոնցով անհատը ձևավորում կամ կատարելագործում է իր գիտելիքները, հմտությունները, կարողությունները և արժեքային համակարգը.
1.3) ֆորմալ կրթություն՝ հանրակրթական և մասնագիտական կրթական հիմնական ծրագրերի որոշակի մակարդակ կամ ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կողմից և հանգեցնում տվյալ մակարդակի որակավորման աստիճանի շնորհման և դիպլոմավորման.
1.4) ոչ ֆորմալ կրթություն (ուսուցում)՝ կրթության լրացուցիչ ուսուցման ծրագիր կամ ծրագրերի ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասությունն ունեցող կազմակերպության և (կամ) ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման և ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.
1.5) ինֆորմալ կրթություն՝ անձի առօրյա և ընտանեկան կյանքի, հանգստի, ժամանցի, աշխատանքային գործունեության և այլ տարբեր գործողությունների արդյունքում ձեռք բերված ուսումնառության արդյունքներ, որոնք, որպես կանոն, կանխամտածված չեն անձի կողմից որպես նպատակային ուսումնառություն, կազմակերպված և համակարգված չեն ժամանակի կամ ռեսուրսների առումով, չեն հանգեցնում արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
1.6) լրացուցիչ կրթություն (ուսուցում)՝ լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող ոչ ֆորմալ ուսումնառություն, որի առավելագույն տևողությունը կարող է լինել մինչև հինգ ամիս.
1.7) ունկնդիր` լրացուցիչ կրթական ծրագրում ընդգրկված և ուսումնառող անձ.
1.8) սոցիալական գործընկեր` մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին աջակցող, համագործակցող և համակարգի զարգացման գործում շահագրգիռ կազմակերպություն կամ կազմակերպությունների միավորում, մասնավորապես գործատուների, արհեստակցական և հասարակական այլ միավորումներ, կրթական և ուսումնական ծրագրեր իրականացնող ցանկացած կազմակերպություն, պետական և համայնքային մարմիններ.
2) պետական կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները.
3) կրթական (այդ թվում` ռազմական) ծրագիր` կրթության համապատասխան մակարդակի բովանդակությունը և մասնագիտական ուղղվածությունը.
3.1) հատուկ կրթություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ուսուցման և կրթության համակարգ, որը մեկ կամ մի քանի կրթական ծրագրերի հիման վրա կարող է իրականացվել հատուկ կամ ընդհանուր հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում.
4) ուսումնական հաստատություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է մեկ կամ մի քանի կրթական ծրագիր և ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունն այդ ծրագրերի պահանջներին համապատասխան.
4.1) ռազմաուսումնական հաստատություն` հանրակրթական կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն, որն ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը ռազմական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան.
5) մանկապարտեզ` նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություն.
6) հանրակրթական ուսումնական հաստատություն` մեկ կամ մի քանի հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն.
7) (կետն ուժը կորցրել է 10.07.09 ՀՕ-161-Ն)
8) կրթահամալիր` տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում.
8.1) արհեստագործական ուսումնարան` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր.
9) քոլեջ` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագիր.
10) համալսարան` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, գիտության և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղությունների բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը.
11) ինստիտուտ` բարձրագույն ուսումնական հաստատություն, որն իրականացնում է գիտության, տնտեսության և մշակույթի մի շարք ուղղությունների գծով մասնագիտական ու հետբուհական կրթական ծրագրեր և գիտական ուսումնասիրություններ.
12) ակադեմիա (ուսումնական)` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է որոշակի ոլորտում կրթության, գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացմանը, իրականացնում է որոշակի ճյուղի (բնագավառի) բարձր որակավորման մասնագետների պատրաստումը և վերաորակավորումը, հետբուհական կրթական ծրագրերը.
13) կոնսերվատորիա` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է երաժշտության ոլորտում մասնագետների պատրաստմանը, որակավորման բարձրացմանը և հետբուհական կրթական ծրագրերի իրականացմանը.
14) մասնաճյուղ` ուսումնական հաստատության տարածքային առանձնացված ստորաբաժանում, որն իրականացնում է մեկ կամ տարբեր կրթական ծրագրեր.
15) ուսումնական կենտրոն` կազմակերպություն (այդ թվում՝ ուսումնական հաստատություն), որն իրականացնում է լրացուցիչ կրթական ծրագիր (ծրագրեր).
16) լիցենզավորում` ուսումնական հաստատության գործունեության թույլտվության գործընթաց.
17) ատեստավորում` ուսումնական հաստատության գործունեության և նրա շրջանավարտների պատրաստման որակի, բովանդակության և մակարդակի գնահատում` պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան.
17.1) որակավորում՝ ամփոփիչ ատեստավորման արդյունքում մասնագիտական որակավորման բնութագրին անձի համապատասխանությունը հավաստող կարգավիճակ, որը շնորհվում է համապատասխան փաստաթղթով.
17.2) որակավորումների ազգային շրջանակ` մասնագիտական կրթության որակավորման աստիճանների բնութագրերի ամբողջությունը, որը ներառում է ուսումնառության յուրաքանչյուր աստիճանում ուսուցման արդյունքների և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերը.
18) պետական հավատարմագրում` պետության կողմից` պետական կրթական չափորոշիչներին մասնագետների պատրաստման որակի համապատասխանության ճանաչումը.
18.1) արհեստավոր` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին և (կամ) որակավորման կարգին համապատասխան պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.
19) մասնագետ՝ միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.
20) բակալավր` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ կրթություն ունեցող և առնվազն քառամյա (ոստիկանական կամ զինվորական մասնագիտությունների համար` միջին մասնագիտական ոստիկանական կամ զինվորական կրթության հիմքով, առնվազն եռամյա) բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց.
21) դիպլոմավորված մասնագետ` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ կամ մասնագիտական կրթություն ունեցող անձանց` առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.
22) մագիստրոս` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց` առնվազն մեկ տարի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.
23) հետազոտող` հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց` ասպիրանտուրայում եռամյա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.
24) ինտերն` բարձրագույն բժշկական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է բժշկական բարձրագույն կրթական ծրագրերն ավարտած և առնվազն մեկ տարվա հետբուհական ուսուցում ստացած անձանց.
25) կլինիկական օրդինատոր` բարձրագույն մասնագիտական որակավորման աստիճան, որը շնորհվում է բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձանց` մեկից մինչև հինգ տարվա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.
26) էքստեռն (այսուհետ` դրսեկություն)` ինքնակրթությամբ և ուսումնական հաստատությունում գիտելիքների ու կարողությունների ամփոփիչ ատեստավորման եղանակով իրականացվող կրթության ձև:
(3-րդ հոդվածը փոփ. 26.07.01 ՀՕ-209, 09.10.01 ՀՕ-237, լրաց., փոփ., խմբ. 01.12.03 ՀՕ-58-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-63-Ն, լրաց. 25.05.05 ՀՕ-137-Ն, խմբ., փոփ. 08.07.05 ՀՕ-165-Ն, փոփ., խմբ. 10.07.09 ՀՕ-161-Ն, լրաց. 04.02.10 ՀՕ-20-Ն, խմբ. 28.10.10 ՀՕ-153-Ն, լրաց. 30.09.13 ՀՕ-99-Ն, խմբ., փոփ. 19.05.14 ՀՕ-17-Ն, լրաց., խմբ., փոփ. 21.06.14 ՀՕ-83-Ն, լրաց. 22.06.15 ՀՕ-100-Ն)