Հոդված 49. Սովորողների իրավունքները և սոցիալական պաշտպանվածությունը
Հոդված 49. Սովորողների իրավունքները և սոցիալական պաշտպանվածությունը
1. Ուսումնական հաստատությունը նպաստում է սովորողների կենցաղի, սննդի, առողջության պահպանման, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
2. Արգելվում է սովորողներին ներգրավել աշխատանքի` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման մեթոդների կիրառումն արգելվում է:
3. Բացառիկ ընդունակություններ դրսևորած երեխաների համար կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով կարող են ստեղծվել հանրակրթական համապատասխան հաստատություններ:
4. Պետությունն ապահովում է առանց ծնողական խնամքի մնացած և ծնողական խնամքից զուրկ երեխաների ուսուցումը պետական հանրակրթական հաստատություններում:
5. Կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է բարձրացված չափաքանակներով:
6. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողները կրթաթոշակ են ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:
7. Ռազմաուսումնական հաստատությունների սովորողները դրամական բավարարմամբ, հանդերձանքով, սննդով և կացարանով ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
8. Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներն իրավունք ունեն տվյալ կամ այլ հաստատությունում վճարովի հիմունքներով ստանալ երկրորդ մասնագիտություն` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
9. Սովորողներն ատեստավորումը հաջողությամբ անցնելու դեպքում, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով, իրավունք ունեն տեղափոխվել համապատասխան մակարդակի կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական այլ հաստատություն:
10. Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ` մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ` պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերում ըստ մասնագիտությունների` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մասնագիտական-առարկայական ծրագրերի համաձայն: Պետական քննությունների կազմակերպական կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչև 2011 թվականի փետրվարի 1-ը:
(49-րդ հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-467-Ն, 08.07.05 ՀՕ-165-Ն, փոփ., լրաց. 28.10.10 ՀՕ-153-Ն, փոփ. 19.05.14 ՀՕ-22-Ն)